Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ այսօր նկատվում են Hajastani պատմության, ինքնության և հայ-ռուսական կապերի պատմության վերաիմաստավորման փորձեր: Այդ մասին դիվանագետն ասել է Երևանում ակադեմիկոս Մառի անվան հայագիտության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ փորձերն անմիջական կապ ունեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում երկկողմ հարաբերություններում, տարածաշրջանում և աշխարհում: Խնդրի լուծման բանալին նա համարում է Հայաստանի, հայ ազգի և պատմության օբյեկտիվ, դրական և գիտական վերլուծությունը, հայտնում է Sputnik Արմենիան։
Դիվանագետի խոսքով` երկու երկրներին շատ բան է միավորում, Հայաստանի և Ռուսաստանի ինքնություններն այնքան սերտորեն են միահյուսված, որ երբեմն դժվար է տարանջատել դրանց պատմական և հոգևոր արմատները:
Նրա կարծիքով՝ կարևոր է նաև, որ հայագիտությունն այժմ մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում։ Համապատասխան ամբիոն է ստեղծվում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում: Պետք է ամեն կերպ աջակցել այս գործընթացներին։ Հարցն արդիական է նաև Ռուսաստանի դեսպանատան համար։ Կոպիրկինը ցանկանում է, որ ամեն տարի աշխատանքի գան հայերենին տիրապետող դիվանագետներ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել էր ՀՀ առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ նշելով, որ դրա համար հարկավոր է, որ ստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և կարգավորվեն Թուրքիայի հետ հարաբերությունները։