Աշխարհում տարեկան 8 մլն մարդ մահանում է ծխախոտի և հարակից արտադրանքի օգտագործումից, ինչպես նաև 1 մլն մարդ մահանում է երկրորդային ծխող լինելու հանգամանքով պայմանավորված: Այդ մասին ասուլիսում հայտարարել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան՝ խոսելով Առանց ծխախոտի համաշխարհային օրվա խորհրդի մասին:
«Աշխարհը փոխվում է, փոխվում են նաեւ մարտահրավերները, եւ մենք ուզում ենք դիմել հասարակությանը, այսօրվա եւ գալիք սերունդներին, որպեսզի տեղեկացված լինեն ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների մասին, մասնավորապես 20 տեսակի քաղցկեղ է առաջացնում ծխախոտը»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»։
ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշել է, որ ինչպես տաքացման մեթոդով օգտագործվող ծխախոտային արտադրանքները, այնպես էլ էլեկտրոնային սիգարետներն ու նիկոտին պարունակող այլ արտադրատեսակները շատ ինտենսիվ կերպով սկսել են տարածում գտնել հայաստանյան շուկայում՝ ներգրավելով նոր սպառողների։
Նրա փոխանցմամբ՝ վիճակագրությունը ցույց է տվել, որ, թեև դասական ծխախոտի օգտագործումը շարունակում է գերիշխել, սակայն վերջին շրջանում սպառման կառուցվածքն սկսել է փոխվել՝ էլեկտրոնային և տաքացվող արտադրատեսակների օգտին։
Բազարչյանը նաև անդրադարձել է այն արտադրանքներին, որոնք նիկոտին են պարունակում ու առաջացնում են կախվածություն՝ ընդգծելով, որ դրանց օգտագործմամբ մարդը հաճախ դառնում է այդ ապրանքատեսակների մշտական սպառող։
«Այդ ապրանքատեսակները, ցավոք սրտի, լայն սպառում են ստանում ամբողջ աշխարհում՝ հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ դրանք արտադրված են երիտասարդների շուկան գրավելու համար: Եթե ուշադրություն դարձնեք էլեկտրոնային նիկոտին պարունակող ապրանքատեսակներին, որոնք վաճառվում են շուկայում, տեսնեք դրանց փաթեթավորումը, տեսքը, համն ու հոտը, կհասկանաք, որ այդ ամենն արվում է նոր՝ երիտասարդ սպառողներ ներգրավելու համար:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երկրում երիտասարդների կողմից առաջին փորձերը սկսում են ոչ տրադիցիոն ծխախոտ փորձելուց, այլ նիկոտին պարունակող ապրանքատեսակներից կամ էլեկտրոնային սիգարետներից»,- հավելել է Ալեքսանդր Բազարչյանը: