Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի սկսել ուսումնասիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 30–ի վաղ առավոտյան արված գրառումները, քանի որ «անձի նույնականացման վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ և որևէ բողոք կոնկրետ անձից չի ստացվել»: Այդ մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից, գրում է Factor.am-ը։
«Բողոքի առկայության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի շրջանակում կիրականացնի լիազորությունները: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու, ինչպես նաև դրանց ենթադրյալ խախտումների առնչությամբ քննություն իրականացնող մարմինը, ըստ ՀՀ օրենսդրության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է: Վերոնշյալի հաշվառմամբ խնդրում ենք հարցն ուղղել իրավասու մարմնին: Նախօրեին՝ ճեպազրույցի ժամանակ ևս Պաշտպանը նշել էր, որ պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով ՄԻՊ-ը չունի իրավասություն, և մատնանշել էր իրավասու մարմնին»,- ասել է պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը։
Factor TV-ն ավելի վաղ դիմել էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, սակայն այդ կառույցը պահանջել է գրավոր հարցում ներկայացնել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։