Եգիպտոսի ռազմական An-74t-200A բեռնատար ինքնաթիռն այս մարտին հատել էՀայաստանի օդային տարածքը և իջել է Գյանջայի օդանավակայանում, հայտնում է Sputnik Արմենիան։
Ընդհանուր առմամբ, ռազմական նշանակության չվերթներն Ադրբեջան՝ այդ թվում զենք տեղափոխող, հիմնականում օգտագործել են Թուրքիայի և Վրաստանի տարածքները։ Քանի որ ոչ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները պահանջում են առանձին թույլտվություն, լրատվամիջոցը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ պարզելու այս կոնկրետ դեպքի օրինականությունը։
Քաղավիացիայից պատասխանել են, որ համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի որոշման, եթե միջպետական համաձայնագրերով այլ դրույթներ չկան, ապա օտարերկրյա պետական ինքնաթիռների թռիչքներն՝ ՀՀ օդանավակայաններ ժամանող, այդ օդանավակայաններից մեկնող, կամ ՀՀ տարածքով տարանցիկ, պահանջում են Արտաքին գործերի նախարարության թույլտվությունը՝ Պաշտպանության նախարարության և լիազոր կառույցի համաձայնեցմամբ։
Sputnik Արմենիան կապ է հաստատել նաև ԱԳՆ-ի հետ, որտեղ հաստատել են տարանցիկ թռիչքին վերաբերող դիմումի առկայությունը։
«2025 թ․-ի հունվարի 31-ին եգիպտական կողմը պաշտոնական հայտագրով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ մարտի 3-ից 6-ը Եգիպտոս-Ղրղզստան-Եգիպտոս ուղղություններով թռիչք կատարելու ընթացքում ՀՀ օդային տարածքով տարանցման թույլտվություն ստանալու նպատակով: Ըստ եգիպտական կողմի տեղեկատվության՝ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով»,-հայտնել են գերատեսչությունից։
Flightradar24 հարթակի համաձայն՝ օդանավը, Գյանջայում վայրէջք կատարելուց հետո, ուղևորվել է դեպի Ղրղզստան։ Մարտի 6-ին այն կրկին իջել է Ադրբեջանում, ապա նույն ճանապարհով վերադարձել է Եգիպտոս՝ անցնելով Հայաստանի տարածքով։
Մեկ այլ հարցումով ԱԳՆ–ի ուշադրությունն են հրավիրել Գյանջայում կատարված վայրէջքին և խնդրել բացատրություն այդ հանգամանքի վերաբերյալ։ Մասնավորապես, փորձել են պարզել՝ արդյոք ԱԳՆ-ն խոչընդոտ չի համարել ադրբեջանական կանգառը Ղրղզստան գնալու ճանապարհին։ ԱԳՆ-ից, սակայն, պատասխանել են, որ «արդեն իսկ պատասխանվել է»։
Հաջորդ հարցումն ուղղվել է Ղրղզստանի Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ վարժանքների կամ օդանավի այլ առաքելության մասին։ Հարցման մեջ նաև հետաքրքրվել ենք՝ արդյոք Ադրբեջանը ներգրավված է եղել զորավարժությունների կամ փոխադրումների մեջ։
«Իրավասությանը համապատասխան՝ խնդրում ենք դիմել Ղրղզստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալություն»,-պատասխանել են Ղրղզստանի ԱԳՆ-ում: Ղրղզստանի Քաղավիացիայի պետական գործակալությունից պատասխանեցին գրեթե երկու ամիս անց՝ հայտնելով, որ օդանավի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։
«Տվյալ օդանավը մեր գրանցման տակ չի գտնվում։ Հայցվող տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն»,-ասվում է գործակալության պատասխանում։
Նշված օրերին Ղրղզստանի տարածքում Եգիպտոսի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների վերաբերյալ որևէ հրապարակային տեղեկություն չի հայտնաբերվել։
Հարկ է նշել, որ հաշվի առնելով An-74-ի տեխնիկական հնարավորությունները՝ այն նախատեսված է կարճուղի թռիչքների համար, ուստի հնարավոր է՝ Ադրբեջանում վայրէջքը կատարվել է վառելիք լիցքավորելու համար, սակայն պաշտոնական հաստատում այդ վարկածի վերաբերյալ չի ստացվել։