Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վիրավորական արտահայտությունները Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների հասցեին»։ Այդ մասին ասվում է միության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հասցեին «հրապարակավ և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ բառապաշարն արժեզրկում է, առաջին հերթին, երկրի վարչապետի ինստիտուտը, որը, մոռանալով իր առաքելության մասին, ամոթալի «խաչակրաց արշավանք» է սկսել հայկական ինքնության և պետականության դեմ»։
«Երկրի վարչապտեը, որի Հիմնական օրենքում գրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, առաջին անգամը չէ, որ ոտնձգություն է կատարում սահմանադրական հիմքերի հանդեպ, այս անգամ հայտարարելով, թե «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»։
Այն, ինչ կատարվում է, հիշեցնում է հանրային ուշադրությունն իրական վտանգներից ու գոյաբանական մարտահրավերներից շեղելու նպատակով իրականացվող մանևր»,–ասվում է հայտարարության մեջ։