Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, ինչպես նաև նրանց դիրքորոշումն արդարացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցուն ու նրա հոգևոր սպասավորներին, ատելության քարոզ են, ու դա կործանարար է»:
Նա նշել է, որ վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով «ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին»։
«Ես կարծում եմ` նրանց այդ հոգեվիճակին ու էժան բառապաշարին են հասցրել իրենց վարկանիշի վերաբերյալ տվյալները։
Համաձայնեք՝ պոպուլիստ ղեկավարի համար հեշտ չէ համակերպվել այն բանի հետ, որ ինքը մսխել է 2018թ. հանրային վստահությունը, ձախողել կառավարումը, մարդկանց իրար հետ թշնամացրել ու մի ամբողջ ժողովրդի մեջ սերմանում է ծայրահեղականություն, երկիրը հասցրել է լինել-չլինելու սահմանագծին, թալանի վերադարձի դրոշակով թաթախվել բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մեջ՝ հաստատակամ պահպանելով միայն ֆեյքերի բանակը։
Միանգամից բարձր պաշտոնների հասնելով` այդպես էլ պետական մտածողություն ձեռք չբերեցին, չհասկացան իրենց իսկական առաքելությունը, չդարձան հասարակության համար օրինակ։
Նրանց համար ստացվել է այնպես, որ նրանք հանուն իշխանություն պահպանելու, պետք է գործեն ադրբեջանական իշխանության շահերի տիրույթում, և այդպես էլ անում են, ընդ որում, ադրբեջանականի հետ սինքրոն՝ կոտրելով պայքարի մեր դիմադրողականությունը, ինքնության հենասյուները, անարգելով պատմությունն ու ազգային արժեքները:
Չեն կանգնում ոչինչի առաջ, ներառյալ` Սահմանադրության ու օրենքների կոպիտ խախտումների, այդ թվում` քրեական հետապնդման ենթակա արարքների գնով (ինչպես տեղի ունեցավ այսօր): Բանը հասավ նրան, որ Վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին:
Այս պայմաններում, չպետք է դառնալ նրանց բեմադրած թատրոնի հանդիսատեսը։ Դա միայն ջլատում, թուլացնում է մեզ: Բայց պետք է պաշտպանենք մեր արժեքները` նաև թե´ նրանցից յուրաքանչյուրի, թե´ պետական մակարդակով քարոզվող ու հովանավորվող ատելության մերժումով:
Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։
Մինչ այդ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։