31 մայիսի 2025 - 12:31 AMT
Ղազարյան․ ժողովրդին կհաջողվի հաղթահարել իմպիչմենտին դիմադրող պատգամավորների դիմադրությունը

Հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ 2025 թվականի մայիսի 30-ի դրությամբ Ազգային ժողովի ոչ մի ընդդիմադիր պատգամավորը նախաձեռնություն չի ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում։

Նա նշել է, սակայն, որ ժողովրդին կհաջողվի հաղթահարել իմպիչմենտին դիմադրող պատգամավորների դիմադրությունը։

«Նրանցից 28 հոգու կարծիքով դա անլուրջ է և անիրատեսական, իսկ 6-ը՝ չունեն Նիկոլ Փաշինյանի փոխարինող վարչապետի թեկնածու։

Ես կարծում եմ, որ մեր ժողովրդին կհաջողվի հաղթահարել իմպիչմենտին տարբեր պատճառներով դիմադրող ու անհիմն պատճառներով այն չնախաձեռնող բոլոր պատգամավորների դիմադրությունը։

Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ժողովրդի կամքով։ Այդ կամքի իրականացման միակ հնարավոր և սահմանադրական ճանապարհը իմպիչմենտն է»,–ասվում է գրառման մեջ։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ՀՀԿ–ն իշխանությանը հեռացնելու համար ամենահավանական գործիքն այս պահին համարում է իմպիչմենտի գործընթացը, այլ ոչ թե փողոցային պայքարը:

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով ԱԺ պատգամավորներին նամակներ էին գրել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը գործընթաց սկսելու պատրաստակամություն էր հայտնել՝ շեշտելով, որ վարչապետի թեկնածու իրենք չեն առաջադրի և պատրաստ են քննարկումներ սկսել թեկնածուի շուրջ։ Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Հայաստան»-ը, կասկածի տակ էր դրել այս գործընթացը՝ շեշտելով, որ կասկածում են՝ արդյոք դրա նպատակը իշխանությանը հեռացնելն է, թե՞ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը։