31 մայիսի 2025 - 12:41 AMT
Աննա Հակոբյանը ձևավորում է բարեկրթության հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Համոկբյանը հայտարարել է բարեվարքության հանձնաժողով նախաձեռնելու մասին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշվում է, որ «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեն հրավիրում է մշակույթի և արվեստի բնագավառների գործիչների, հռետորության և ճարտասանության մասնագետների և շահագրգիռ այլ անձանց մասնակցելու «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության հանձնաժողովի» աշխատանքներին:

«Հանձնաժողովի նպատակներն են.

– Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հաղորդակցության և հանրային խոսքի մշակույթի հաստատումը, հանրային միջավայրի լիցքաթափումն ու իրար հետ խոսելու, իրար համբերատար լսելու կարողության զարգացմանը:

– Հանրային ապակառուցողական միֆերի և արատավոր վարքի մոդելների վերարտադրության խաթարումը, կրթության, աշխատանքում արդյունավետության և մրցունակության մոդելներով դրանց փոխարինումը։

– Այն գիտակցության արմատավորումը, որ բարեկրթությունը և համամարդկային արժեքների վրա հենված գիտակցությունը աշխատանքային և այլ հանրային միջավայրերում ընկալվելու և գնահատվելու, մրցունակ լինելու պայման և գրավական են, որ բարեկրթությունը շարունակաբար բարելավելի գիտելիք և հմտություն է։

– Ներդաշնակ և ներառական համակեցության հիմնարար սկզբունքների արմատավորումը։

Հանձնաժողովն աշխատանքը կատարելու է աշխատանքային քննարկումների և նիստերի ձևով, այդ թվում՝ հեռավար։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով ձևավորված բովանդակությունը ներկայացվելու է կենտրոնական կոմիտեին՝ դրա հետագա հանրայնացումը կազմակերպելու համար»,- գրել է նա։

Նույն օրն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։