31 մայիսի 2025 - 12:56 AMT
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». Փաշինյանի գրառումը սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն է

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հրապարակել է հայտարարություն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, ըստ որի ՀՀ–ն պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։

Հայտարարութփյան մեջ ասվում է, որ այդ գրառումն ինքնին սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն է, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների նկատմամբ բացառիկ ցինիզմով համեմված երկօրյա հարձակման գագաթնակետը եղավ Եկեղեցին փաստացի բռնազավթելու մտադրության մասին Ն.Փ.-ի գրառումը։

Հայտարարում ենք, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է։ Այսպիսով, նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնելի ծանրագույն հանցանք։

Այնուհանդերձ, անիմաստ ենք համարում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, քանի որ բազմիցս համոզվել ենք իրավասու կառույցների քաղաքական սպասավորության մեջ։

Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, հատկապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին, բոլոր միջոցներով հանդես գալ ՀՀ Սահմանադրական կարգի և Ազգային Եկեղեցու պաշտպանությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետը գրել է․ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»։