Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ բարեկամական հարաբերությունների և գործընկերության ամրապնդումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:
Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։
Սենատոր Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։