Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված բնակիչների թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտ Կավկասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Մայիսի 22–ին հայտնի է դարձել, որ Չկալովկայում արձանագրվել էր վարակվածության 4 դեպք։ Դրանից հետո կենտրոնը գյուղում իրականացրել է հակահամաճարակային միջոցառումներ և ստուգել համայնքի 153 բնակչի: Արյան լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս 6 դեպք։ Ներկայում իրականացվում են հիվանդության տարածումը կանխելու համար իրազեկման միջոցառումներ։
Բրուցելյոզը հիվանդ կենդանիներից մարդուն փոխանցվող վարակ է, որը բնորոշվում է լիմֆոիդ հյուսվածքի, հենաշարժական համակարգի և նյարդային համակարգի ախտահարմամբ:
Վարակը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, խոզերը, այծերը, ոչխարները: Հայաստանի Հանրապետությունը համարվում է բրուցելոզի էնդեմիկ գոտի: Վարակվածության դեպքեր կարող են գրանցվել բոլոր տարիքային խմբերում: Եթե հիվանդությունը քրոնիկ չի դարձել, ապա բուժումը կարող է տևել 1-2 տարի:
Մարդիկ կարող են վարակվել տավարի, ոչխարի և այծի միս, ինչպես նաև թերի ջերմամշակված, չպաստերիզացված (հում) կաթի կամ վարակված կաթից պատրաստված այլ կաթնամթերք, հատկապես անալի պանիրներ օգտագործելով: