Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Հայաստանում Իռլանդիայի դեսպան Քեթրին Բեննոնի հետ հանդիպմանը, որի նստավայրը Սոֆիան է, նշել է, որ ՀՀ–ն շահագրգռված է Իռլանդիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Իռլանդիա երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցները անդրադարձել են քաղաքական երկխոսության խորացմանը, խորհրդարանական շփումների ընդլայնմանը, ինչպես նաև համագործակցության խթանմանը տնտեսության, հաղորդակցության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված ջանքերն ու վերջին զարգացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։