2018 թվականից ի վեր Հայաստանի պետական բյուջեից եկեղեցիների վերականգնման ու ամրակայման ուղղությամբ հատկացվել է մոտ 1 միլիարդ 688 միլիոն դրամ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ միայն 2025 թվականին այդ նպատակով նախատեսվում է տրամադրել ավելի քան 814 միլիոն դրամ։
«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում քննարկվում է պետության հոգածության և ուշադրության հարցը հուշարձան հանդիսացող եկեղեցիների նկատմամբ, ներկայացնում ենք 2018 թվականից առ այսօր ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված եկեղեցիների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կրոնական-մշակութային ժառանգության հանրահռչակմանն ու պահպանմանն ուղղված քայլերը:
2018 թվականից մինչ օրս ՀՀ պետական բյուջեի միջոցներով պատմամշակութային հուշարձանների նորոգման և ամրակայման աշխատանքների (ներառյալ՝ հնագիտական պեղումներ և գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերում) իրականացման համար հատկացվել է 3 մլրդ 143 մլն ՀՀ դրամ։ Մասնավորապես` 8 տարվա ընթացքում նշված հատկացումներից մոտ 1 մլրդ 688 մլն ՀՀ դրամն ուղղվել է եկեղեցիների կամ եկեղեցական համալիրների վերականգնմանը, նորոգմանը և ամրակայմանը՝ ներառյալ 2025 թվականին նախատեսված միջոցները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը ներկայացրել է հատկացումներն ըստ տարիների։
Նշվում է, որ միաժամանակ, պետություն-մասնավոր համագործակցությամբ վերջին երեք տարիներին վերականգնվել է կամ շարունակում է վերականգնվել 19 կրոնական բնույթի հուշարձան, որից 9-ը պատկանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 10-ը՝ պետությանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հուշարձաններ՝ Ծաղկաձորի Կեչառիսի վանք, Սոլակի Մայրավանք, Հրազդանի Մաքրավանք, Հարթավանի Սբ Աստվածընկալ վանքի գավիթ, Հարթավանի Սբ Նշան եկեղեցի, Մեղրիի Սբ Հովհաննես եկեղեցի, Ուշիի վանական համալիր, Գառնահովիտի Սբ Գևորգ եկեղեցի, Լուսաշողի Սբ Կարապետ վանք։
Պետությանը պատկանող հուշարձաններ՝ Թալինի Կաթողիկե եկեղեցի, Քրդիկանցի Սբ. Աստվածածին եկեղեցի, Կարենիսի Սրբոց Առաքելոց վանք, Լորի Սբ Գևորգ եկեղեցի, Ծաղկաշենի Սբ Աստվածածին եկեղեցի, Վայոց ձորի Սբ Թադևոս եկեղեցի, Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցի, Կամարիսի Սբ Աստվածածին եկեղեցի, Երերույքի տաճար, Բարաբաթումի Սբ Հռիփսիմե եկեղեցի։
«Ընդ որում՝ եթե 2018 թվականին պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանը և պահպանությանը պետական բյուջեից հատկացվել է 127․2 մլն ՀՀ դրամ, ապա ներկայում այդ ցուցանիշը շուրջ 14 անգամ ավելացել է` 2025 թվականին կազմելով 1մլրդ 770 մլն ՀՀ դրամ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։
Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։