Մայիսի 29-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվում է եռօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, որին մասնակցում է ավելի քան 50 հետազոտող՝ տարբեր երկրներից։ Գիտաժողովի խորագիրն է՝ «Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցող միջազգային գիտաժողովի մասնակիցները պարտադիր հանդես պետք է գան ՀՀ իշխանությունների, ի մասնավորի` վարչապետՆիկոլ Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտողական ելույթները դատապարտող հայտարարությամբ»։
Նրա խոսքով՝ գիտաժողովի մասնակիցների թվում են այն անձինք, ովքեր Դեմոյանի ներկայացրած ցուցմունքների և ապացույցների հիման վրա մեղադրվել են քրեական գործերով։
«Գիտաժողովի մասնակիցների թվում են երկու հարուցված քրեական գործերի շրջանակում իմ ցուցմունքների ու փաստացի ապացույցների հիման վրա քրեորեն պատժելի մի շարք հակաօրինական գործողությունների մեջ մեղադրվող ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանը և ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։
Հանցագործությունները հետևյալն են. փողերի լվացում և հանցակցություն, իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացում, ավազակային հարձակում, հաստատությանը նյութական վնասի հասցնում, թանգարանային միավորի գողություն (Ռայմոնդ Գևորգյան) և իմ բնակության հասցեում գաղտնի տեսանկարահանումներ (Հարություն Մարության)։
Հիշեցնեմ, որ ներկա իշխանությունների միջամտությամբ, հարուցված այս քրեական գործերն արգելափակված են և չեն մտնում դատաքննության փուլ։
Իշխանությունների ժխտողական հայտարարություններին չանդրադառնալու դեպքում, գիտաժողովի մասնակիցները կհամարվեն ժխտողական կառավարության կողմից տրամադրված գումարներով հենց այդ ժխտողականությունը խրախուսող միջոցառման մասնակիցներ»,–ասվում է հայտարարության մեջ։
Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել էր, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։ Ավելի ուշ, ասուլիսում նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի։ Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ քրեական հանցագործություն է։