31 մայիսի 2025 - 15:11 AMT
Տեր Ասողիկ աբեղա․ Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը, անդրդառնալով հոգևորականներին ուղղված վիրավորական արտահայտություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում»։

Նա հորդորել է չտրվել այդ կործանարար գայթակղությանը։

«Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:

Քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը՝ դառնալով չարագործներ, դառնալով ստոր անձեր: Հաստատուն մնանք մեր հավատքի մեջ, հավատարիմ լինենք մեր Հայրենիքին՝ բարձր պահելով վարկը մեր հարազատ Երկրի և անեղծ՝ սրբությունը մեր հերոս Եկեղեցու»,–գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։

Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։