Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը X -ի իր միկրոբլոգում գրել է, որ Սյունիքի հայերն ամեն օր հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։
Նա հավելել է, որ Բաքվ նպատակն է վախ տարածել և ներխուժում նախապատրաստել։
«Կրակոցներ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Բաքվի նպատակն է՝ մահվան վախ ներշնչել, որպեսզի մարդիկ փախչեն և… ներխուժի Հայաստան»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը։
Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ մայիսի 31–ին կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հաստատել է վարչական ղեկավար Վահան Զաքյանը` ասելով․ «Գիշերը մի 7-8 հատ կրակոց ա եղել, ամեն օրվա պես»։