31 մայիսի 2025 - 16:28 AMT
Տեր Փառեն քահանա․ Հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորած անձանց արգելելու եմ մտնել եկեղեցի

Մարմաշեն վանքի վանահայր Տեր Փառեն քահանա Պետրոսյանը հայտարարել է, որ հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորած անձանց արգելելու է մտնել եկեղեցի։

«Խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց, անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում և ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ապա իբրև Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ և Մարմաշեն վանքի վանահայր ի պաշտոնե հայտարարում եմ և զգուշացնում.

Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։

Թող այս ասածներս իբրև օղ անեն իրենց ականջներին։ Մինչև չդաստիրակվեն ու կարգի ու չափի չգան, չապաշխարհեն ու զղջումով, խոնարհաբար, ներողություն խնդրելով չգան Աստծո դուռը և չհայցեն քահանայից մեղքերի թողություն, թույլ չեմ տալու մտնեն եկեղեցի։

Ի գիտություն ամենայն խստությամբ հսկելու և հետևելու եմ ամեն մեկի մուտքը եկեղեցիներ և քննելու եմ անձը, հավատքի չափը և քրիստոնեայի կարգավիճակը ինչ՞ է մտածում, ինչ՞ է շնչում, և ինչ՞ գաղափարներ ունի։

Բավական է արդեն` չափը շատ անցաք, և համբերության բաժակը լցրեցիք դուք»,- գրել է Տեր Փառեն քահանա Պետրոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։

Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։