31 մայիսի 2025 - 16:38 AMT
Մարուքյան․ Ակնհայտ է, որ «համաձայնեցված» Խաղաղության պայմանագրի տեքստը չի բխում ՀՀ շահերից

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև «համաձայնեցված» խաղաղության պայմանագրին՝ պնդելով, որ պայմանագրի տեքստը չի բխում ՀՀ շահերից: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

նա նշել է, որ «համաձայնեցված» տեքստի ընդամենը մի քանի կետերը, որոնք հայտնի են, արդեն իսկ մարդկանց մոտ զարհուրանքից բացի ոչ մի այլ զգացմունք չեն առաջացնում։

«Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բարձրաձայնեց Ալիևի բոլոր թեզերը, արդարանալով թշնամու կողմից հնչող յուրաքանչյուր մեղադրանքին, ինչպես նաև խոստացավ, և մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի բոլոր մտահոգությունները 100%-ով կփարատվեն։

Սակայն չնշեց, թե ինչպես են փարատվելու Հայաստանի և հայ ժողովրդի մտահոգությունները, որովհետև Ադրբեջանի կողմից պարտադրված Խաղաղության պայմանագրի տեքստը չի կարող այդ արդյունքն ապահովել։

Ավելին՝ «համաձայնեցված» տեքստի ընդամենը մի քանի կետերը, որոնք հայտնի են, արդեն իսկ մարդկանց մոտ զարհուրանքից բացի ոչ մի այլ զգացմունք չեն առաջացնում։

Ակնհայտ է, որ «համաձայնեցված» Խաղաղության պայմանագրի տեքստը չի բխում ՀՀ շահերից։ Դա Հայաստանը կազմաքանդող և մեր պետության ինքնիշխանությունը զիջող փաստաթուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը։

Հիմա էլ ինքն ու իր թիմակիցները փորձում են մեր ժողովրդին համոզել, թե իբր Խաղաղության պայմանագրի մեջ տեղ գտած դրույթներն այնքան ձեռնտու են մեզ, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի այն չստորագրվի։

Այնինչ Ալիևը համաձայնեցված տեքստով ստացած զիջումները դրել է իր դարակը, և շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել, որոնք կրկին մեծ ջանասիրությամբ բավարարվելու են Հայաստանի իշխանությունների կողմից։

Որովհետև պարզվում է՝ նրանց գլխավոր խնդիրն ու նպատակը Ադրբեջանի բոլոր մտահոգությունները փարատելն է…

Հայաստանի ինքնիշխանությունը զիջող և մեր մտահոգությունները չփարատող փաստաթուղթը, որը մեզ ներկայացվում է որպես Խաղաղության պայմանագիր, չի բխում մեր ազգային և պետական շահերից, ուստի իշխանափոխությունից հետո այն պետք է վերանայվի և վերաբանակցվի։ Ես վերաբանակցելու եմ Խաղաղության համաձայնագրի տեքստը»,–ասվում է գրառման մեջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։