1 հունիսի 2025 - 11:57 AMT
Ամերիաբանկնը՝ FEAS Champions League-ի մրցանակակիր․ ՀՀ-ն հյուրընկալել էր ConFEAS 2025-ը

Երևանում մայիսի 30-31-ին անցկացվել է Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության ConFEAS 2025 30-րդ հոբելյանական միջազգային համաժողովը, որի շրջանակում տեղի ունեցած FEAS Champions League մրցանակաբաշխությանը հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի պատմության մեջ առաջին անգամ Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող մրցանակի` Bronze Award in Fixed Income Market:

Աբու Դաբիի բորսայի գլխավոր գործառնական տնօրեն Սաքեր Ասլանի խոսքով` ՖԻԱՍ-ը, որպես ֆոնդային բորսաների միություն, ընդգրկում է բազմաթիվ բորսաներ, և այս մակարդակի մրցանակ ստանալը հսկայական քայլ է ցանկացած շուկայի կամ ընկերության համար․ «Նման մրցանակը վստահություն է, ճանաչում է և կարևոր ազդակ միջազգային ներդրողներին»:

«Պարտատոմսերի շուկայում տարածաշրջանի մակարդակով ակտիվության համար տրվող այս մրցանակը նշանակալի է ոչ միայն Ամերիաբանկի, այլև Հայաստանի կապիտալի շուկայի և տնտեսության համար»,- իր խոսքում նշել է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը` հավելելով, որ այս մրցանակը կարող է նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ վստահության և հետաքրքրության աճին թե՛ միջազգային, թե՛ տեղական ներդրողների կողմից:

Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի շուկայում և պարտատոմսերի շուկայում ակտիվության համար։ Հաղթողների ընտրությունը կատարվում է՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ապահովվող գործարքների ծավալները, քանակները, բորսայում ակտիվ օրերը, կարգավորող պահանջների պահպանումը և այլն։ Վերլուծվում են թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում իրականացված գործունեության արդյունքները:

«Առաջին անգամ հայկական շուկայից Ամերիաբանկն արժանացավ այս մրցանակին։ Ամերիաբանկը մրցում էր Աբու Դաբիի, Իրանի, Եգիպտոսի և նման այլ զարգացած կապիտալի շուկաների ընկերությունների հետ, և ստացավ մրցանակ նման մրցակցության պարագայում»,- նշել է Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։

ConFEAS 2025 համաժողովը հյուրընկալել է ոլորտի մոտ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և ավելի քան 30 ճանաչված զեկուցողի: