2 հունիսի 2025 - 10:21 AMT
«Հայաստան»․ Դատապարտում ենք Եկեղեցուն թիրախավորող գործող վարչախմբի արգահատելի վարքը

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Եկեղեցուն թիրախավորող գործող վարչախմբի և նրա պարագլխի արգահատելի հռետորաբանությունն ու վարքը։

Խմբակցությունը հորդորում է լինել եկեղեցու կողքին։

«Հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունեցել է և ունի բացառիկ առաքելություն, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։

Մենք դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա Հայրապետին և եպիսկոպոսաց դասին թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը, այն գնահատում ենք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող, նրա միասնականությունն ու արժեքային համակարգը քայքայող գործողություն։

Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականությունն ու վճռականությունն առավել քան անհրաժեշտություն են։

Հավատավոր հայ ժողովրդի նվիրական միակամությամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին՝ հանուն Հայոց պետականության ամրապնդման, հանուն մեր հավաքական իրավունքների և շահերի պաշտպանության»,- ասվում է հայտարարությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։

Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։