Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA)՝ հայաստանցի ուսանողները հայտնվել են անհավասար պայմաններում նույն կուրսում սովորող ադրբեջանցի ուսանողների համեմատությամբ։ ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է Հայաստանից ներգրավված ուսանողներ կրթության և կացության ֆինանսավորումը Վրաստանում՝ միաժամանակ պահպանելով Ադրբեջանից ներգրավված ուսանողներինը, հայտնում է «Առավոտը»։
Արդեն շուրջ երկու տասնամյակ այս կրթական ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատների միջոցով, որոնք ընտրում են իրենց երկրից ուսանողներ և ուղարկում Վրաստան՝ GIPA-ում ուսանելու։ 2024-26 թվականների ուսումնական շրջանի համար ընտրվածների միայն աշնանային կիսամյակի ուսման վարձն է հոգացել ԱՄՆ կառավարությունը։ Սակայն գարնանային կիսամյակից սկսած պարզ է դարձել, որ հայաստանցի ուսանողների համար ֆինանսավորումը դադարեցվել է, մինչդեռ ադրբեջանցի ուսանողները շարունակում են ստանալ նույն աջակցությունը։
Այս տարբերակված մոտեցումը հայ ուսանողներին կանգնեցրել է ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական լուրջ մարտահրավերների առջև։ Ծրագրին մասնակցելու համար նրանք լքել են աշխատանքը և տեղափոխվել Վրաստան՝ առաջիկա երկու տարիները նվիրելով ուսումնառությանը։ Ֆինանսավորման դադարեցման հետևանքով նրանք մնացել են օտար երկրում՝ առանց կեցության հնարավորության և ուսման վարձի վճարման միջոցների՝ զրկվելով կրթությունը շարունակելու հնարավորությունից։
Տարբերակված մոտեցումն առաջացրել է նաև խորը հիասթափություն ու լարվածություն՝ լսարանում ստեղծելով բացասական մթնոլորտ։ Ուսանողները սա դիտարկում են որպես ԱՄՆ կառավարության քաղաքական կողմնակալություն՝ ուղղված իրենց երկրի դեմ։
Ապրիլի 23-ին հայ ուսանողները պաշտոնական նամակ են հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները, սակայն ավելի քան մեկ ամիս անց որևէ արձագանք չեն ստացել։ Անպատասխան թողնել նամակը անսովոր և անհարգալից վարք է, հատկապես երբ դեսպանատունն է պատասխանատու ուսանողների ընտրության և Վրաստան ուղարկելու գործընթացի համար, ինչպես նաև պայմանագրի կողմը Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի հետ։
Ֆինանսավորման դադարեցման մասին հայ ուսանողները տեղեկացել են ինստիտուտի ղեկավարությունից, ոչ թե դեսպանատնից, ինչը ևս խիստ անհանգստացնող է։ Մինչդեռ նույն ծրագրի շրջանակում ադրբեջանցի ուսանողները շարունակում են սովորել և օգտվել աջակցությունից։
Այս փաստը առաջացրել է մի շարք հարցադրումներ ուսանողների մոտ՝ արդյոք սա վկայում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կողմնակալության մասին։ Ինչու են Հայաստանից ներգրավված ուսանողները զրկվում այն հնարավորությունից, որն անվերապահորեն շարունակում է գործել տարածաշրջանի մեկ այլ երկրի ներկայացուցիչների համար։ Ինչու է անտեսվում այն երիտասարդների իրավունքն ու ակնկալիքները, ովքեր ուսումը սկսել են՝ վստահելով ԱՄՆ-ի տված երաշխիքներին։
Հայ ուսանողները, ովքեր ընտրվել են հենց ԱՄՆ դեսպանատան կողմից և արդեն մեկ կիսամյակ սովորել են Վրաստանում՝ նրանց տրամադրած ֆինանսավորմամբ, այժմ պահանջում են, որ դեսպանատունը ներկայացնի պաշտոնական պարզաբանում, վերանայի խտրական որոշումը և հաստատի նաև իրենց կրթաթոշակը։ Նրանք կոչ են անում ապահովել հավասար պայմաններ՝ հայ և ադրբեջանցի ուսանողների համար՝ ուսման միևնույն ծրագրում։ Այդ մասին ասվում է GIPA-ի հայազգի ուսանողներ Աննա Քեշիշյանի (Բալյան) և Հասմիկ Համբարձումյանի նամակում։