«Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն վերաբերող հայտարարությունների հիմքով՝ այն դիտարկելով հանցագործության մասին տեղեկատվություն։
Միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հայտարարել է․ «Այդ կապակցությամբ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անունից լիազորված ենք հայտարարելու՝ ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածը երաշխավորում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը ՀՀ տարածքում, ընդ որում՝ այդ ազատությունը երաշխավորվում է պետության կողմից, և պետությունը որևէ կերպ իրավունք չունի միջամտել նրանց ներքին գործերին։
Ի հավելումն դրա՝ ՀՀ սահմանադրության 18-րդ կետը բացառիկ կարգավիճակ է շնորհում ՀԱԵ-ին՝ որպես մեր ինքնության հենասյուն։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը նախատեսում է, որ պետական կամ ՏԻՄ պաշտոնատար անձինք իրավունք չունեն կատարել այնպիսի գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից։ Եթե եթե նրանք կատարում են այդպիսի գործողություններ, ապա դա համարժեք է սահմանադրական կարգի տապալմանը։
Այդ կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը նախատեսում է խիստ քրեական պատիժ՝ 10-ից 15 տարվա ազատազրկում այն անձանց համար, որոնք խախտել են ՀՀ սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների 1-ին կետերը կամ 7-րդ հոդվածը։
Այսինքն՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը համարվում է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն, որը նախատեսում է խիստ քրեական պատիժ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով։
Այս կապակցությաբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունն ենք հրավիրում այն գործողությունների վրա, որոնք, մեր տեսանկյունից, համարժեք են ՀԱԵ ներքին գործերին պետության միջամտության։ Սահմանադրությունը երաշխավորում է, որ ՀՀ չի միջամտում Եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների ներքին գործերին։
Խնդրում ենք այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցել՝ քննելով Փաշինյանի գրառումների ու հայտարարությունների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը, ինչպես նաև դրանց համապատասխանութունը ք ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով նախատեսվող պատժամիջոցներին»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։
Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։