2 հունիսի 2025 - 11:57 AMT
Նախագիծ․ 100 տարին լրացած կենսաթոշակառուն 1 մլն դրամ միանվագ հավելում կստանա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է դրամական միանվագ աջակցություն հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր արդեն դարձել են 100 տարեկան։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել մայիսի 30-ին։

Այսպիսով, առաջարկվում է՝ 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և այն անկանխիկ եղանակով ստացող անձին վճարել 1 միլիոն դրամի չափով միանվագ հավելում, հայտնում է Factor.am-ը։

«․․․Որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և այն անկանխիկ եղանակով ստացող անձին 1,000,000 դրամի չափով միանվագ հավելումը վճարվելու է կենսաթոշակի և նպաստի՝ 2025 թվականի առաջիկա ամսվա վճարման ցուցակներով։

Իսկ եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա հավելումը կվճարվի վճարման եղանակը փոխելուց հետո։

Միանվագ հավելում չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են 1,000,000 դրամ աջակցություն (այդ անձանց տվյալները տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից)»,-նշվում է նախագծում։

Այս նախաձեռնությունը հասանելի կլինի հանրային դիտարկման մինչև հունիսի 16-ը։