2 հունիսի 2025 - 11:59 AMT
Վայոց ձորի 4 դպրոց կմիավորվի․ ՏԿԵՆ–ը նախագիծ է ներկայացրել

Վայոց ձորի մարզի Վարդահովիտի, Հերմոնի, Գողթանիկի և Եղեգիսի դպրոցները կմիավորվեն՝ ստեղծելով «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համապատասխան նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «․․․Վարդահովիտի հիմնական դպրոցում 2024–2025 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորում էր 6 աշակերտ։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ այդ թիվը նվազել է 3-ով. աշակերտները ծնողների նախաձեռնությամբ տեղափոխվել են Հերմոնի հիմնական դպրոց։ Վարդահովիտի դպրոցում սաների թիվն ունի նվազման միտում. հեռանկարում՝ մինչև 2030 թվականը, աշակերտների թվի աճ չի կանխատեսվում։ Գողթանիկի հիմնական դպրոցում 2024–2025 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորում էր 9 աշակերտ։ Հեռանկարում՝ մինչև 2028 թվականը, ակնկալվում է 2 աշակերտի ավելացում։ Հերմոնի հիմնական դպրոցում նույն ամսաթվով սովորում էր 22 աշակերտ, և մինչև 2029 թվականը ակնկալվում է ևս 2 աշակերտի աճ», – նշվում է հիմնավորման մեջ։

Վարդահովիտի դպրոցը ապահովված չէ լոկալ ջեռուցմամբ, սանհանգույցով և ջրամատակարարմամբ։ Աշխատակիցների թիվը կազմում է 19, որից 13-ը՝ մանկավարժներ։ Բոլոր մանկավարժները բնակվում են այլ համայնքներում և ստանում են տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, որը 2024 թվականին կազմել է 1,418,200 դրամ։ Այս դպրոցի համար 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն իրականացված ծախսերը կազմել են մոտ 36 միլիոն դրամ։ Նշվում է, որ միավորման արդյունքում կհնարավոր կլինի տնտեսել մոտ 13 միլիոն դրամ, իսկ հետագա տարիներին տնտեսումները կգերազանցեն 35 միլիոն դրամը։

Գողթանիկի դպրոցն աշխատել է նմանատիպ պայմաններում։ Այստեղ կա 18 աշխատակից, որոնցից 11-ը՝ մանկավարժ։ Նրանցից 9-ը բնակվում են այլ համայնքներում և փոխհատուցում են ստացել, որի գումարը 2024 թվականին կազմել է 996,100 դրամ։ Դպրոցի տարեկան ծախսերը կազմել են 35.6 միլիոն դրամ։ 2025 թվականի օգոստոսի 1-ից միավորման արդյունքում կխնայվի մոտ 15 միլիոն դրամ, իսկ հետագայում՝ ավելի քան 36 միլիոն դրամ։

Հերմոնի դպրոցում ևս բացակայում են ջեռուցման համակարգը, սանհանգույցը և ջրամատակարարման պայմանները։ Այստեղ աշխատում է 19 հոգի, որոնցից 14-ը՝ մանկավարժներ, և այդ մանկավարժներից 10-ը չեն բնակվում Հերմոնում։ Նրանք ստացել են փոխհատուցում, որի չափը կազմել է 1,425,900 դրամ։ 2024 թվականի ընթացքում դպրոցի ծախսերը կազմել են մոտ 42 միլիոն դրամ։ Միավորման արդյունքում՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից, կտնտեսվի մոտ 16 միլիոն դրամ, իսկ հաջորդող տարիներին՝ ավելի քան 40 միլիոն դրամ։

Միևնույն ժամանակ, նախարարությունն ընդգծել է, որ Եղեգիսի միջնակարգ դպրոցը, որը 2024 թվականին հանձնվել է շահագործման, գտնվում է նորակառույց շենքում և հագեցած է անհրաժեշտ գույքով, տեխնիկայով, տեղական ջեռուցման համակարգով, ապաստարանով, արևային կայանով, բաց մարզադաշտով, ընթերցասրահով և գրադարանով։ Դպրոցն ունի 144 աշակերտի համար նախատեսված տարածք, սակայն այժմ հաճախում է միայն 39 աշակերտ։ Անձնակազմը կազմում է 29 մարդ։

Նախարարությունը նաև հավելել է, որ նախագծի ընդունմամբ պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի ավելանալու։