2 հունիսի 2025 - 12:17 AMT
Գորիսում մեկնարկել է ՀՀ-Ֆրանսիա համագործակցության համաժողովը

Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ համաժողովի անցկացումը Սյունիքի մարզում ռազմավարական նշանակություն ունի, ընդգծելով՝ իշխանությունները ներդրել են անհրաժեշտ ջանք և եռանդ՝ միջոցառումն պատշաճ մակարդակով կազմակերպելու և համատեղ նախաձեռնությունների իրագործմանն աջակցելու ուղղությամբ։ Նախարարը հորդորել է ակտիվորեն ներգրավվել քննարկումներին, ինչը հնարավորություն կտա նոր ծրագրեր նախագծել և խորացնել հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակը՝ այն տեղափոխելով զարգացման նոր փուլ, հայտնում է 1lurer.am-ը։

ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը շեշտել է, որ Ֆրանսիայի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված աջակցությունը բարձր է գնահատվում։ Նա ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ-ի պաշտպանական կարողությունների և տնտեսական դիմակայունության ամրապնդման հարցում, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման և Եվրոպային մերձենալու ձգտման համատեքստում ցուցաբերված աջակցությունը։

Փոխնախարարի դիտարկմամբ՝ Գորիսում համաժողովի անցկացումը տրամաբանական և սպասելի է՝ հաշվի առնելով ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի մարզի զարգացումը և դիմադրողականության բարձրացումը որպես առաջնահերթություն։

«Այս հստակ քաղաքական կամքի մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք՝ Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացումը։ Հուսով ենք՝ ի կատարումն մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ մոտ ապագայում կտեսնենք Սյունիքում ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում»,- ասաց նա։

Վահան Կոստանյանի փոխանցմամբ՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի՝ միտված ՀՀ-ին աջակցելուն՝ դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին։ Նա հավելել է, որ տարբեր ոլորտներում համագործակցությունն անընդհատ զարգացում է ապրում։

«Հայաստանի Հանրապետությունը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը ՀՀ-ն և Ադրբեջանը ստանձնել են Ալմա Աթայի հռչակագրով»,- ասել է նա։

Կոստանյանը անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է այն ստորագրել առանց հապաղելու և հետագայում վավերացնել։ Նրա համոզմամբ՝ առկա մտահոգություններին պատասխան տալու ամենահստակ և կարճ ուղին հենց համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, ինչը կբացի համակեցության խաղաղ դարաշրջան ամբողջ տարածաշրջանի համար։

Համաժողովի օրերին նախատեսվում է նաև Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը։