2 հունիսի 2025 - 12:24 AMT
ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային օբյեկտների տեղեկատվական ռեսուրս կստեղծվի

Եվրասիական տնտեսական միությունում՝ ԵԱՏՄ–ում մշակվել են գործիքներ, որոնք ուղղված են արդյունաբերական համատեղ ծրագրերի ֆինանսավորմանը և զբոսաշրջային ոլորտի զարգացմանը՝ հիմքում ունենալով անդամ պետությունների համագործակցությունը։

Նախատեսվում է ստեղծել տեղեկատվական ռեսուրս՝ ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային օբյեկտների և դրանց երթուղիների վերաբերյալ: Այդ մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Բախիթ Սուլթանովը, հայտնում է Արմենպրեսը։

Նախարարի խոսքով՝ արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի ընտրության ու իրագործման, ինչպես նաև անդամ երկրների կողմից ֆինանսավորման տրամադրման կարգը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ։

«Բացի այդ, Հանձնաժողովը ակտիվորեն ներգրավում է բիզնեսը ԵԱՏՄ իրավունքի ձևավորման և կատարելագործման գործընթացում։ Այս տարվա ապրիլին լրացել է ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) գործընթացի ներդրման 10 տարին։ ԿԱԳ-ն ապացուցել է իր արդյունավետությունը, և բիզնեսը ակտիվորեն մասնակցում է դրան։ 10 տարվա ընթացքում բիզնեսի առաջարկությունների ավելի քան վաթսուն տոկոսը հաշվի է առնվել Հանձնաժողովի որոշումների նախագծերում»,- ասել է Սուլթանովը և ավելացրել, որ 2024 թվականին ներդրվել են ևս երկու կարևոր գործիք։

Ըստ նրա՝ այդ փոփոխություններից առաջինը կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) գործընթացի տարածումն է ԵԱՏՄ շրջանակում կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի վրա, իսկ երկրորդը՝ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման (ՓԱԳ) մեխանիզմի ներդրումը։

«Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կօգնի ավելի արդյունավետ բացահայտել կարգավորման որակի բարձրացման ներուժը՝ հիմնված բիզնեսի հետ հաստատված հետադարձ կապի վրա՝ որպես ԵԱՏՄ իրավունքի կիրառման պրակտիկայից տեղեկատվության գլխավոր աղբյուրներից մեկը։ Որպես ոլորտային ուղղություններով բիզնեսի հետ համագործակցության օրինակ՝ կարելի է նշել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տուրիզմի ոլորտում համագործակցության զարգացումը։ Այսպես, զբոսաշրջային բիզնեսի առաջարկությունների հիման վրա կազմվել են համատեղ եվրասիական զբոսաշրջային երթուղիների քարտեզներ, որոնք ներառում են տեղեկություններ ավելի քան չորս հարյուր եվրասիական զբոսաշրջային օբյեկտների և 38 երթուղիների մասին։ Սա կնպաստի տուրիստական ենթակառուցվածքի զարգացմանը և ԵԱՏՄ երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է նաև Հանձնաժողովի կայքում՝ զբոսաշրջային ասոցիացիաների կողմից օգտագործման և զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման համար»,- ասել է նա։

Սուլթանովը հավելել է, որ 2026 թվականին նախատեսվում է ստեղծել Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրս, որտեղ կհավաքվի ԵԱՏՄ երկրների համատեղ զբոսաշրջային երթուղիների և օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն։