Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին պաշտոնապես բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով ծրագրի կարեւորությունը հայ-ճապոնական կրթական համագործակցության շրջանակում, հայտնում է Արզգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Մեծ պատիվ է ինձ համար այսօր հանդես գալ ձեր առաջ և ազդարարել Ասիայում առաջին Թումո կենտրոնի բացումն այստեղ՝ Ճապոնիայի սրտում, Տակասակի քաղաքում:
Թումո Գունմա կենտրոնի բացումը, միանշանակ, արտահայտում է ոչ միայն մեր համատեղ հանձնառությունը՝ ուղղված երիտասարդությանը և նորարարությանը, այլև վկայում է այն մշակութային և մտավոր փոխանակման ոգու մասին, որը տասնամյակներ շարունակ եղել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հիմնասյուներից մեկը: Մեր ժողովուրդները, գտնվելով աշխարհագրորեն հեռու միմյանցից, միևնույն ժամանակ միավորված են համընդհանուր արժեքներով՝ ժողովրդավարության, դիմացկունության, գիտելիքի և մշակութային ժառանգության խորին հարգանքի հանդեպ:
Թումո Գունման շուտով կընդունի մոտ 1500 պատանի ամբողջ պրեֆեկտուրայից՝ դառնալով երկկողմանի համագործակցության և նորարարության ոգեշնչման հարթակ Հայաստանի և Ճապոնիայի միջև:
Հուսով եմ, որ սա ընդամենը սկիզբն է: Այն մաս է կազմում մեր ընդարձակ տեսլականի՝ Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելու Ճապոնիայի այլ քաղաքներում ևս՝ առավել շատ երիտասարդների հնարավորություն ընձեռելով ընդգրկվելու այս արդիական և դինամիկ կրթական մոդելի շրջանակում»,–ասել է նա։
Հետագայում նախատեսվում է նոր կենտրոններ և Թումո տուփեր գործարկել Ճապոնիայի Մաեբասի և Կուսացու քաղաքներում` ավելի մեծ թվով պատանիների հասանելի դարձնելով Թումոյի կրթական ծրագիրը:
Ճապոնիայի առաջին Թումո կենտրոնի բացմանը ներկա էին Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, Գունմա պրեֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն, Թվային փոխակերպման նախկին նախարար Տարո Կոնոն, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը, համագործակցությունների և զարգացման ղեկավար Սթիվեն Բրիջիսը և այլք: