Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Գորիսում մեկնարկած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովում հայտարարել է, որ Սյունիքի դիմակայունության բարձրացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և այս գործընթացում Ֆրանսիան հանդես է գալիս որպես առանցքային միջազգային գործընկեր։
«ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, և այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորին»,– ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Խուդաթյանն ընդգծել է, որ համաժողովի անցկացումն այս տարածաշրջանում ունի ռազմավարական նշանակություն։
Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ Սյունիքի մարզում, հայ-ֆրանսիական հարաբերությունների շրջանակում, առաջին անգամ գործարկվելու է հյուպատոսական գրասենյակ՝ ապակենտրոնացված համագործակցության հերթական դրական արդյունքի նշան, հայտնում է 1lurer.am-ը։
«Ֆրանսիայի համայնքային իշխանությունները շատ ավելի խիզախ ու արագ են գտնվել, որովհետև շատ ավելի արագ և շատ ավելի կոշտ արձագանք են տվել այն բոլոր իրավիճակներին, երբ անհրաժեշտ է եղել սատար կանգնել ՀՀ-ին:
Ինչպես ասում էր ֆրանսիացի մեծ գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին իր հայտնի ստեղծագործության մեջ, մենք պետք է սովորենք փոքրիկ քայլերի արվեստը, մենք պետք է կամաց-կամաց շարժվենք առաջ:
Այսօրվա այս հսկայական միջոցառումը սկիզբ չի առել երեկ, այն փոքրիկ քայլերի արդյունք է եղել: Եվ այսօր մեկ այլ փոքրիկ, բայց շատ կարևոր քայլ ենք անելու, այսօր Սյունիքում հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ ստեղծվելու է հյուպատոսական գրասենյակ»,- ասել է նա:
Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը։ Նախատեսվում է նաև Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը։