2 հունիսի 2025 - 13:38 AMT
Ակցիա՝ ի պաշտպանություն եկեղեցու․ «Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին»

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու ու ազգային-հոգևոր արժեքների։

Ակցիայի մասնակիցները նախ կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ են իրականացրել։ Իրենց հետ բերված սպիտակ պարանի վրա լվացքի ամրակներով կախել են պաստառներ հետևյալ գրառումներով. «Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են», «Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է» և այլն, հայտնում է Sputnik Արմենիան։

Ակցիայի մասնակիցներից Էլյանորա Մանանդյանն ասել է. «Ես ոչ մի կազմակերպության անդամ չեմ, ուղղակի մտահոգ քաղաքացի եմ։ Բորորն էլ հիմա դժգոհ են, հասունանում է պայքարը, բայց չգիտես ինչու ոչ մեկ չի համարձակվում դուրս գալ փողոց։ Այսօր մեր խիղճը չի թողնում, որ մենք նստենք տանը։ 5 տարի շարունակ Նիկոլը դավաճանում է Հայաստանը, ոտնահարում ազգային բոլոր արժեքները, տապալում է ամբողջ պետական համակարգը , կազմաքանդում բոլոր օղակները, պետությունն ուղղակի չի աշխատում։ Այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ ջարդելու մեր հիմնասյունը Հայ առաքելական եկեղեցին»։

Նա դիմել է հայ ժողովրդին` հարց ուղղելով, թե ուր են նրանք, երբ Նիկոլ Փաշինյանը պղծում է հայ եկեղեցին։ Ակցիայի մասնակիցները ոչ թե պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ պահանջում են դատել նրա։

«Ես պահանջում եմ դատել ոչ միայն Նիկոլին, այլ նաև իր կենակցին բոլոր բարոյական օրենքները խախտելու համար։ Ես հասկանում եմ, որ իրենք կրթություն չունեն և այդ խորդանոցներում իրենք են մեծացել, և «Կրթությունը նորաձև է» ակցիաներով ուզում են իրենց ներշնչել, թե ուզում են կրթություն ստանալ»,–ասել է Մանանդյանը։

Նրանք կոչ են արել մարդկանց փողոց դուրս գալ և էական չէ, կմիանան իրենց, թե ոչ, կարևորը մարդիկ իշխանություններին ցույց տան, որ արգելում են պղծել եկեղեցին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։

Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։