2 հունիսի 2025 - 13:48 AMT
Դըվինազ. Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգվում է Հայաստանում

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ելույթ ունենալով Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովում, ընդգծել է, որ եթե Հայաստանում ժողովրդավարությունը վտանգի տակ լինի, ապա վտանգվում է ամբողջ ժողովրդավարությունը:

«Միայն Հայաստանը չի վտանգված, այլ ամբողջ ռեժիմը: Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգվում է Հայաստանում: Սա է իմ ուղերձը՝ ոչ մի բան բաց չթողնել, անպայման լինել ամուր և գնալ առաջ»,- ասել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, հայտնում է 1lurer.am-ը։

Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ով նշել է, որ Ֆրանսիայում Հայաստանի թեման ազգային համաձայնության առարկա է։

«Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ ֆրանսիացիները նույնիսկ քաղաքական դաշտում չունեն տարակարծություններ, և բոլորը, հումանիստական մղումներից մղված, գալիս են ընդհանուր հայտարարի, որովհետև դա օգնում է տեղական իշխանության մարմիներին թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում»,- ասել է դեսպանը:

Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը։ Նախատեսվում է նաև Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը։