Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ Գորիսում մեկնարկած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի ժամանակ ասել է, որ մոտ ապագայում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավում՝ Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերում։
«Այս համաժողովի անցկացումն այստեղ՝ Գորիսում, բնական ու սպասելի զարգացում է՝ հաշվի առնելով Սյունիքի՝ մեր երկրի համար ունեցած ռազմավարական նշանակությունը»,- ընդգծել է Վահան Կոստանյանը, հայտնում է ՍիվիլՆեթը։
Նա նշել է, որ ՀՀ կառավարությունն անխափան կերպով առաջ է տանում այդ շրջանների զարգացման և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ աշխատանքները։
«Մենք առանձնակի կարևորում ենք Ֆրանսիայի աջակցությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման և Եվրոպային առավել մոտենալու մեր ձգտումներում»,- ասել է Կոստանյանը՝ հավելելով, որ այդ աջակցությունը միևնույն ժամանակ ունի գործնական և կիրառական բնույթ։
Փոխնախարարը խոսել է նաև Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացման կարևորության մասին՝ այն համարելով հստակ քաղաքական կամքի արտահայտում։
«Հայաստանն ու Ֆրանսիան երբեք այսքան մոտ չեն եղել միմյանց։ Մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, և այս համագործակցությունը նպատակ ունի նաև օժանդակել Հայաստանին՝ հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները», – շեշտել է փոխարտգործնախարարը։
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի միավորված համայնքների, Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Գորիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով։