2 հունիսի 2025 - 14:54 AMT
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը։

Նորաբաց հյուպատոսարանը տեղակայված է Գորիսի քաղաքապետարանի հարակից շենքում։ Ֆրանսիայի պատվո հյուպատոս է նշանակվել Կարմեն Ափունցը, ով ազգությամբ հայ է։

Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ինչպես նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը իր ելույթում նշել է՝ այն, ինչին ականատես են լինում այսօր, տարբեր իրադարձությունների տրամաբանական շարունակություն ու զարգացում է, հայտնում է Արմենպրեսը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է․ «Գորիսը ֆրանսիացիների համար Սյունիքի խաչմերուկն է։ Եվ կարծում եմ, որ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ, ինչի վկայությունն են քույր քաղաքները, համայնքների միջև եղբայրության համաձայնագրերը, ինչպես նաև երկու մարզերի (խմբ. նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը) դեպարտամենտների միջև համագործակցությունը։ Մեզ հաճախ մի հարց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում հյուպատոսական գրասենյակը։ Սա հյուպատոսություն չէ, սա ավելին է, քան հյուպատոսությունը։

Ինչո՞ւ հյուպատոսություն չէ, որովհետև այստեղ բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսական գրասենյակ բացվի, ինչը հիմնականում ծառայում է վարչարարությանը և նման բաների։ Բայց սա ավելին է, քան հյուպատոսական գրասենյակը, որովհետև պատվո հյուպատոսությունում լինում են գործողություններ, որովհետև Ֆրանսիայում և Հայաստանում, Գորիսում և Սյունիքում մարդիկ գործում են ձեռք ձեռքի տված։ Պատվո հյուպատոսությունը մի վայր է, որտեղ գալու են տարբեր նպատակներով այստեղ գտնվող ֆրանսիացիները, որոնք այցելում են Հայաստան, որոնք գալիս են օգնելու Հայաստանին, և որոնք գալիս են գործելու Հայաստանում։

Արդեն 19 տարի շարունակ այն ֆրանսիացիները, որոնք գալիս են Գորիս՝ գործելու, օգնելու և ուղղակի այցելելու, այցելում են Գորիսում Ֆրանկոֆոն կենտրոն, և այդ կենտրոնի ապրեցնող ուժը հենց Կարմեն Ափունցն է։ Կեցցե Սյունիքը, կեցցե Գորիսը և կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,- ասել է դեսպանը։

Ֆրանսիան հյուպատոսարան հիմնելու իր մտադրությունը Սյունիքում հայտնել էր դեռ 2023 թվականին։ Գորիսը համարվում է ՀՀ ամենաֆրանսախոս համայնքներից մեկը, որտեղ 2006–ից գործում է ֆրանսիական մշակութային կենտրոնը։