2 հունիսի 2025 - 15:00 AMT
10 կգ թմրամիջոց է մաքսանենգությամբ տեղափոխվել ՀՀ. Կալանավորվել է 2 օտարերկրացի

Հայաստանի քննչական մարմինները բացահայտել են 10 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք, որի շրջանակում 2 օտարերկրացի կալանավորվել է։

«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և տեղափոխել ՀՀ:

Այնուհետև, օտարերկրյա մեկ այլ քաղաքացի տեղեկանալով 10 կգ թմրամիջոցի գտնվելու վայրի վերաբերյալ, ապօրինի ձեռք է բերել այն, սակայն Պետական եկամուտների ծառայության և Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը չի իրագործվել, քաղաքացին ձերբակալվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Է.Ն.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը) և Ն.Ա.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):

Է.Ն.-ի և Ն.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։