2 հունիսի 2025 - 15:45 AMT
ԲԴԽ 2 անդամ ինքնաբացարկ է հայտնել Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների գործով

Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամ՝ Քրիստինե Մկոյանը և Կարեն Թումանյանն ինքնաբացարկ են հայտնել Վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանի, Կարեն Ավետիսյանի և նույն դատարանի նախագահ Ռուստամ Մախմուդյանի գործով, հայտնում է Factor.am-ը։

Քրիստինե Մկոյանը հայտնել է, որ նախկինում որպես դատավոր առնչվել է այն գործին, որի կապակցությամբ կարգապահական վարույթ է հարուցվել դատավորների նկատմամբ, իսկ Կարեն Թումանյանը հայտնել է, որ մտերիմ հարաբերություններ ունի Հրաչ Այվազյանի հետ։

ԲԴԽ-ն ինքնաբացարկի երկու միջնորդություններն էլ բավարարել է։

ԲԴԽ նիստին կարգապահական վարույթում ներգրավված դատավորները ներկա չեն եղել։ Նրանց պաշտպան Գնել Մուղնեցյանը գրավոր տեղեկացրել է խորհրդին, որ զբաղվածության պատճառով չի կարող մասնակցել նիստին։ Հաշվի առնելով դա՝ ԲԴԽ-ն որոշել է հետաձգել նիստը։

Factor TV-ն մայիսի 20-ին հրապարակել է8, որ կարգապահական վարույթի հիմքում դրված է Վարչական վերաքննիչ դատարանի դատական կազմի կողմից իրավական նորմի մեկնաբանությունը, որը կատարվել է դատական ակտում։ Ըստ ՀՀ Սահմանադրության և Դատական օրենսգրքի՝ դատավորները պատասխանատվության չեն ենթարկվում իրենց արտահայտած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են հանցավոր արարքի կամ կարգապահական խախտման հատկանիշներ։

Դատական գործը, որի արդյունքում հարուցվել է կարգապահական վարույթը, նախագահել է Հրաչ Այվազյանը, իսկ Ռուստամ Մախմուդյանը և Կարեն Ավետիսյանը եղել են դատական կազմի մյուս անդամները։