2 հունիսի 2025 - 16:16 AMT
Ֆրանսիացի սենատոր․ ՀՀ-ն պետք է կարողանա իր սահմաններում խաղաղության մեջ ապրել

Գորիս քաղաքում անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովում Ֆրանսիայի Սենատի անդամ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը․ ով արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, նշել է, որ այս տեսակի համագործակցությունը նշանակալի է՝ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգ ապագայի տեսանկյունից։ Նա ընդգծել է՝ «ՀՀ-ն պետք է կարողանա ապրել իր սահմաններում՝ խաղաղության մեջ»։

Նա հիշել է իր այցը Հայաստան 2023թ.-ի ապրիլի 23-ին, երբ սենատորների պատվիրակության հետ այստեղ էին և գիտակցեցին, թե ինչ է նշանակում պատերազմի մեջ լինել՝ Հայաստանը պատերազմի մեջ չէր, բայց հարձակման էր ենթարկվել։

Նրա խոսքով, այցի ժամանակ իրենք հանդիպել են Գորիսի քաղաքապետի հետ, ով ստիպված էր եղել լքել ճաշը մարզպետի հետ՝ կապված սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ, հայտնում է Aysor.am-ը։

«Երբ լրագրողը հարց էր տալիս, թե ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը՝ ասացի, որ պետք է Հայաստանին օգնել անվտանգությունն ամրապնդելու համար։ Պետք է օգնել Հայաստանին, որպեսզի ռազմապաշտպանական բավականաչափ միջոցներ ունենա, որպեսզի իր սահմանները պաշտանի։ Այդ պահից Սենատում համատեղ որոշում կայացրեցինք և բոլոր սենտորների կողմից ստորագրվեց՝ պահանջելով մեր գորածդիր իշխանությանն աջակցել ՀՀ-ին՝ պաշտպանություն ապահովելու նպատակով համապատասխան ռազմական միջոցներ տրամադրելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործադիր իշխանությանը՝ մեզ լսելու համար»,-ասել է նա։

Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը։ Քաղաքում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը։