2 հունիսի 2025 - 16:53 AMT
Վանեցյան․ Սա դասական քաղաքական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու

ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահԱրթուր Վանեցյանը, խոսելով 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, ասել է, որ սա դասական քաղաքական պայքար չէ, «սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու»։ Նա այդ մասին ասել է ԼուրջCast-ի եթերում:

«Իսկ կա՞ քաղաքական ուժ, որը չի պատրաստվում համապետական, խորհրդարանական ընտրություններին։ Չի կարող լինել քաղաքական ուժ, որը չպատրաստվի ընտրություններին»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է՝ այս պահին ընտրությունների չեն պատրաստվում, այլ քայլեր են ձեռնարկում այս իշխանություններից ազատվելու։

«Ես դրա բանաձևումը տվել եմ. չբացառելով փողոցային պայքարը, որևէ գործողություն, որ կբերի այս իշխանության հեռացմանը՝ մենք միաժամանակ պետք է պատրաստվենք ընտրություններին։ 2026 թիվը կգա, կլինեն ընտրություններ, այդ ընտրություններին, ցավոք սրտի, միայն պատրաստ կլինի իշխանությունը, ու մենք կասենք՝ ինչի՞ այնպես ստացվեց, որ իշխանությունները կարողացան շատ ձայներ ստանալ։

Իսկ սրանց թողնել իշխանության, Հայաստանը չի կարող նման «շքեղություն» երկրորդ անգամ իրեն թույլ տալ, որովհետև սա դասական քաղաքական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու։ Սա հստակ, շատ սուր, շատ կոշտ ձևակերպում է, որը ես ուզում եմ ևս մեկ անգամ հնչեցնել»,-ասել է Վանեցյանը։

Նա նաև պատասխանել է այն հարցին, որ եթե այդքան լուրջ է ամեն բան, ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը քննադատում միմյանց։

«Եկեք, ես չմտնեմ այլ ուժերի հարաբերությունների մեջ, խոսեմ մեր, իմ մասին։ Ես ունեմ շատ լավ հարաբերություններ թե երկրորդ, թե երրորդ նախագահների թիմերի հետ, թե մնացած ընդդիմադիր ուժերի հետ։ Մեր կուսակցության հարաբերությունները բոլորի հետ առողջ են, գործընկերային են, ցանկացած պահի, երբ կա անհրաժեշտություն, մենք հանդիպում ենք, զրուցում ենք, քննարկում ենք և որոշումներ ենք կայացնում։ Ես կարծում եմ, իրական ընդդիմադիր ուժերը չեն կարող իրար հետ ունենալ անհաղթահարելի տարաձայնություններ այն հարցի շուրջ, որն ուղղված է լինելու այս իշխանությունների հեռացմանը»,–ասել է նա։

Նա նաև պարզաբանել է, որ կան որոշ տարբերություններ պայքարի տակտիկական մոտեցումների հարցում։ Օրինակ՝ ըստ Վանեցյանի, որոշ ուժեր կարծում են, որ իմպիչմենտի գործիքը պետք է գործի դրվի հենց հիմա, մինչդեռ մյուսները կարծում են, թե դրա համար դեռ անհրաժեշտ են որոշ նախադրյալներ։ Սակայն, ըստ նրա, բոլոր կողմերը համամիտ են գլխավոր նպատակի շուրջ։

Հնչել է հարց, թե հնարավոր է արդյոք, որ ընդդիմադիր ուժերը միասնաբար առաջադրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը։

«Այդ հարցի հասցեատերը ես չեմ, հրավիրեք այն մարդկանց, որոնք լեգիտիմ իրավունք ունեն վարչապետի թեկնածուի առաջադրում կատարել։ Ինձ հետ որոշակի քննարկումներ եղել են, բայց ոչ հստակ օրակարգով։ Ես կրկնում եմ, Արթուր Վանեցյանը չէ, ով ուզում է լինի, եթե որոշում կայացվի, որ այդ անձի շուրջ պետք է լինեն ինչ-որ զարգացումներ, որը բերելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացմանը, այդ անձն ուղղակի չի կարող հրաժարվել պատասխանատվության տակ մտնելուց»,-ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին, ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն թիրախավորելու գործընթացը սկսվել է դեռևս 2008 թվականից, ոչ թե 2018-ից, ինչպես որոշ շրջանակներում ենթադրվում է։

Քոչարյանն իր հարցազրույցում ասել է, որ ՀՀԿ-ն իշխանություն է դարձել իր նախագահության ժամանակ․ «Մեծ հարց է, թե ո՞վ է ում թիկունք կանգնել կայացման համար։ Նույնիսկ բարոյականության հարց է նման բան հնչեցնելը։ Եթե հարց առաջանա, որ այս իշխանություններից ազատվելու համար անհրաժեշտություն լինի կոալիցիա կազմել, չեմ կարծում, որ այլընտրանք ենք ունենալու։ Բայց միասին ընտրության գնալու հնարավորությունը չեմ տեսնում»։