2 հունիսի 2025 - 17:16 AMT
Փաշինյան․ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս»։

«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։

Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաև որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։

Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։