2 հունիսի 2025 - 17:22 AMT
Սյունիքի մարզպետ․ 3 ամսից ավելի է՝ գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «3 ամսից ավելի է՝ գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում»։

Նա նշել է, որ դրանք իրականացվում են հակառակորդի կողմից ուղիղ նշանառությամբ, որոշ դեպքերում վնասվում են ենթակառուցվածքներ և կենդանիներ, հայտնում է Aysor.am-ը։

«Շատ վատ է, որ կրակում են, երևի 3 ամիս է ու ավելի, որ գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում»,- նշել է նա։

Ղուկասյանը նաև ընդգծել է, որ պաշտպանության նախարարությունը փաստը արձանագրել է և իր դիրքորոշումն ունի տվյալ հարցի շուրջ։

«ՊՆ ասածին ավելացնելու բան, երևի թե, չունեմ»,- նշել է Ղուկասյանը։

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։