Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել։ Սպասվում է, որՄայր Աթոռը պաշտոնապես արձագանքելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, հայտնում է Aysor.am-ը։
Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսն է:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ, երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու կառույցը մինչ այժմ չի արձագանքել վարչապետի վերջին գրառումներին, ասել է, որ արձագանք կլինի, հայտնում է Factor.am-ը։
https://factor.am/897081.html
«Արձագանք կլինի, կհրապարակենք։ Չեմ կարող ասել, թե երբ կլինի»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր շարունակ հրապարակային հարթակում կոշտ գնահատականներ է հնչեցրել Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի ներկայացուցիչների հասցեին։ Փաշինյանը իր վերջին գրառմամբ կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։
Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։