Հունիսի 8-14-ը Ֆրանսիայի Անսի քաղաքում կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով:
«Օձի ապուր» ֆիլմը «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։
Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոնի՝ Անսիի կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային բաժնում:
Սցենարի հեղինակներն են Րաֆֆի Մովսիսյանը և Զաքար Դեմիրճյանը, կոմպոզիտոր՝ Էմիլ Աբրամյան, նկարիչներ՝ Դանիել Գրիգորյան, Վերոնիկա Ստեփանյան, գծային պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան:
Սյուժեն ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրվա պատմությունն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացման հիմք են դառնում։ Ռումբի պայթյունից երևակայականն ու վերհուշերը միախառնվում և ցնորքի են վերածվում։