2 հունիսի 2025 - 18:09 AMT
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդարացրել է Ավինյանին, իսկ Գասպարյանին տուգանել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը՝ 2025 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով եւ 2024 թվականի, որոնց ուսումնասիրությունը շարունակվել է 2025 թվականի առաջին եռամսյակում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարույթ հարուցելու հիմքեր չի գտել, իսկ Վաղարշապատի՝ արդեն հրաժարական տված քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել և 300, 000 դրամ վարչական տույժ է նշանակել, քանի որ քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել Դիանա Գասպարյանի ամուսնու հորը պատկանող ընկերության հետ և 2025 թվականի հունվարի 27-ին կնքված պայմանագրի մասով քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրավոր հայտարարություններ չի ներկայացրել հանձնաժողովին՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ, հայտնում է «Առավոտը»։

Տեղեկանքի համաձայն, հանձնաժողովն անդրադարձ է կատարել մամուլի 24 հրապարակման, որոնցից 7-ը վերաբերել են շահերի բախման հնարավոր դեպքերին, 1-ը՝ պաշտոնյաների վարքագծի կանոններին, իսկ 16-ը՝ գույքի և եկամուտների հայտարարագրերին։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի նյութի, «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման համաձայն, Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ` նրա ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջ7։

Իսկ Տիգրան Ավինյանի մասով՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքում գրել է, որ Ավինյանի ֆուտբոլային ընկերները շահում են պետական մրցույթները․ «Լիլանարմ» ՍՊԸ-ի տնօրենը եղել է ՔՊ-ի Երևանի 2023 թվականի ավագանու ընտրությունների ցուցակում: 2015 թվականին «Լիլանարմ» ՍՊԸ-ն շահել է ընդամենը երկու պետական մրցույթ՝ 157,648,083 դրամ արժողությամբ։ 2019 թվականից սկսած «Լիլանարմ» ՍՊԸ-ն շահել է 10,188,707,618 դրամ ($26 միլիոն դոլար) պետական մրցույթներ, որոնց ճնշող մեծամասնությունը Երևանի քաղաքապետարանի կողմից և հիմնականում 2022 թվականի վերջին՝ 2023 և 2024 թվականներին, երբ Ավինյանը սկսեց ներգրավվել Երևանի քաղաքապետարանում։

«Լիլանարմ» ՍՊԸ-ի վատ որակի շինարարական աշխատանքների մասին պարբերաբար իրազեկող ակցիաներ էին անում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Այս իրազեկումները պատճառ դարձան Նոր-Նորքի թաղապետի հետ ձեռնամարտի եւ վերջինիս պաշտոնանկության։