Հունիսի 13-15-ը Հայաստանի տարածքում կիրականացվեն «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումները՝ ներառելով հնագիտական տարածքներ, թանգարաններ, արգելոց-թանգարաններ և մի շարք այլ հարթակներ։
«Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրին Հայաստանը միացել է արդեն երրորդ տարին։ Մասնակցող կազմակերպությունների շարքում են ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, ինչպես նաև Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։ Միջոցառմանը ներգրավված են նաև Հայաստանի պատմության թանգարանը, Էրեբունի արգելոց-թանգարանը, Երևանի պատմության թանգարանը, ինչպես նաև Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Գեղարքունիքի և Շիրակի երկրագիտական թանգարանները։ Ծրագիրը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար և ուղղված է հնագիտությամբ հետաքրքրվողներին, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Դեռևս 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» նախաձեռնության համակարգումը վստահել է Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտին՝ Inrap-ին։
Երեք օր տևող այս միջոցառումների ընթացքում մարդիկ հնարավորություն են ստանում առաջին ձեռքից ծանոթանալ հնագիտությանը՝ այցելելով պեղավայրեր ու հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար հասանելի չեն հանրությանը։
Բացի այդ, կազմակերպվում են հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ։ Ծրագրի շրջանակում տեղի են ունենում կրթական և տեղեկատվական միջոցառումներ՝ պեղումների գործընթացի մասնակցություն, ցուցադրություններ, թեմատիկ դասընթացներ, քայլարշավներ ու գտածոների վերականգնման գործնական աշխատանքներ։