ՌԴ–ն ներկայացրել է Ուկրաինայի համար հուշագիրը՝ հրաժարում տարածքներից և դիմադրությունից
Ռուսական պետական գործակալությունները հրապարակել են հուշագրի տեքստը, որը փոխանցվել է ուկրաինական պատվիրակությանը Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։ Փաստաթուղթը պարունակում է Ռուսաստանի պահանջները, որոնք նա անվանում է «Ուկրաինական ճգնաժամի կարգավորման միջոցառումներ»։
Հուշագրում ներկայացված են հետևյալ դրույթները.
- Միջազգային իրավական ճանաչում՝ Ղրիմի, ԼՂՀ-ի, ԴՆՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ; Ուկրաինայի ԶՈւ-ի և այլ զինված կազմավորումների ամբողջական դուրսբերում այդ տարածքներից։
- Ուկրաինայի չեզոքություն, որը ենթադրում է նրա հրաժարումը ռազմական դաշինքներին և կոալիցիաներին միանալուց, ինչպես նաև արգելք՝ երրորդ պետությունների ցանկացած ռազմական գործունեության, օտարերկրյա զինված կազմավորումների, ռազմական բազաների և ռազմական ենթակառուցվածքների տեղակայման Ուկրաինայի տարածքում։
- Ընթացիկ և ապագայում կնքվելիք միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի դադարեցում, որոնք անհամատեղելի են սույն բաժնի 2-րդ կետի դրույթների հետ։
- Ուկրաինայի՝ որպես միջուկային և այլ զանգվածային ոչնչացման զենք չունեցող պետության կարգավիճակի հաստատում՝ ուղղակի արգելքով այդ զենքի ընդունման, տարանցման և տեղակայման Ուկրաինայի տարածքում։
- Ուկրաինայի ԶՈւ-ի և այլ զինված կազմավորումների առավելագույն թվաքանակի, սպառազինության և ռազմական տեխնիկայի առավելագույն քանակի և թույլատրելի բնութագրերի սահմանում; Ուկրաինայի ԶՈւ-ի և Ազգային գվարդիայի կազմում գտնվող ուկրաինական ազգայնական կազմավորումների լուծարում։
- Ռուս և ռուսալեզու բնակչության իրավունքների, ազատությունների և շահերի ամբողջական ապահովում, ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակի շնորհում։
- Նացիզմի և նեոնացիզմի հերոսացման և քարոզչության օրենսդրական արգելք, ազգայնական կազմակերպությունների և կուսակցությունների լուծարում։
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գործող բոլոր տնտեսական պատժամիջոցների, արգելքների և սահմանափակող միջոցների վերացում և նորերի ներդրման մերժում։
- Ընտանիքների վերամիավորման և տեղահանված անձանց հետ կապված հարցերի համալիր լուծում։
- Միմյանց նկատմամբ պահանջների մերժում՝ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասի վերաբերյալբ։
- Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ գործող սահմանափակումների վերացում։
- Դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների փուլային վերականգնում, ներառյալ՝ գազի տարանցումը, տրանսպորտային և այլ հաղորդակցությունները, այդ թվում՝ երրորդ պետությունների հետ։
Ռուսաստանը նաև Ուկրաինային առաջարկել է հրադադարի երկու տարբերակ։ Առաջին տարբերակում նա պնդում է ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերումը այն տարածքներից, որոնք նա համարում է զավթված։ Երկրորդ տարբերակում, որը նշված է որպես «փաթեթային առաջարկ», Մոսկվան պահանջում է Ուկրաինայից սկսել բանակի ապառազմականացումը, դադարեցնել արտասահմանյան ռազմական օգնության ստացումը, չեղարկել ռազմական դրությունը և անցկացնել նախագահական և Գերագույն ռադայի ընտրություններ։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել փաստաթղթի բովանդակությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է պնդել իր «սովորական» պահանջները, ներառյալ՝ ուկրաինական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի չորս մարզերից, որոնք մասամբ օկուպացված են Ռուսաստանի կողմից։