Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների «ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը»։ Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը։
Նա հավելել է, որ «ՔՊ ղեկավարի իրական նպատակը ՀԱԵ–ն իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար, որպեսզի կարողանա վերջնականապես կատարել ադրբեջանական միակողմանի պահանջները, ինչն իրեն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պահպանելու համար։ Այդ նպատակի համար է հեղինակազրկում Եկեղեցին և նվազեցնում նրա կշիռն ամբողջ աշխարհում` ոչնչացման տանելով հայոց ինքնության հենասյունը»:
Թաթոյանը ընդգծել է նաև, որ պատահական չեն այն ցնծությունն ու Հայաստանի վարչապետին ուղղված շնորհակալության խոսքերը, որոնք առկա են Ադրբեջանում։
«Իր նպատակի իրագործման համար ՔՊ ղեկավարն օգտագործում է Եկեղեցու ներսում առկա թվացյալ կամ իրական խնդիրները, որոնց լուծումն իրականում բացառապես Եկեղեցու հարցն է. Սահմանադրությամբ` եկեղեցին անջատ է պետությունից:
Բարձրաստիճան եկեղեցականների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ այս ապօրինի արշավն այնպես են տանում, որ ստացվում է` նախապես են ծրագրել, ապօրինաբար հավաքել են եկեղեցականների անձնական կյանքի տվյալներ` իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու համար:
Հիմա էլ խոսում են դրանք ապօրինաբար հրապարակելու սպառնալիքների մասին: Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում վարչապետի ու մյուս պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները և իշխանական ազդեցությունն ապօրինի օգտագործելով։
Արդեն արձանագրվում են իշխանության կողմնակիցների կողմից հրահրվող բռնության իրական հավանականության դեպքեր եկեղեցականների նկատմամբ։ Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։
Եկեղեցու խնդիրներով իրապես մտահոգ երկրի ղեկավարն ու իշխանությունը երբեք չէին ընտրի խնդիրների լուծման աննախադեպ անօրինական այս ճանապարհը։
Պետք է գիտակցել, որ ՀՀ Կառավարության ղեկավարի կողմից վարվող այս գործընացն աղետաբեր է Հայաստանի համար, պետք է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունն ու մեր նվիրական արժեքները և թույլ չտալ, որ կեղծ օրակարգերով մեզ պառակտեն ու շեղեն գոյաբանական հիմնական խնդիրներից»,–ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։