Հունիսի 1-ին թուրքական Իգդիրում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների հանրահավաքին կրկին հնչել են Հայկական ԱԷԿ-ը փակելու պահանջներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էներգետիկայի հարցերով մասնագետ Վահե Դավթյանը՝ հավելելով, որ սա նոր երևույթ չէ։
«Հայկական «խաղաղ ատոմը» ավանդաբար հանդես է գալիս մի շարք թուրքական կառույցների քննադատության թիրախ, որոնք փորձում են ներկայացնել կայանը որպես տարածաշրջանի համար բնապահպանական սպառնալիքի աղբյուր։ Միևնույն ժամանակ, անտեսվում են ինչպես կայանի տեխնիկական վիճակի, այնպես էլ դրա միջազգային վերիֆիկացման վերաբերյալ ակնհայտ փաստերը։
Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական հսկողության տակ և բազմիցս ենթարկվել է ինչպես կանոնավոր ստուգումների, այնպես էլ մասնագիտացված սթրես-թեստերի։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի 2023 թ. այցը Հայաստան հաստատեց, որ կայանը շահագործվում է միջազգային չափանիշներին համապատասխան։
Դրանում կենտրոկան է «Ռոսատոմի» դերը:
Ռուսական պետական կորպորացիայի շնորհիվ իրականացվեց կայանի տեխնիկական արդիականացման լայնածավալ նախագիծ, որը ապահովեց անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև առնվազն 2036 թ.: Արդիականացումը թույլ տվեց ոչ միայն բարձրացնել կայանի անվտանգության մակարդակը, այլև համապատասխանեցնել այն էներգաարդյունավետության և կայունության նոր պահանջներին։
Ակնհայտ է, որ էկոլոգիական քողի ներքո շարունակվում է հայկական «խաղաղ ատոմի» դեմ մղվող համակարգված պայքարը»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում տեղի ունեցած առաջին միջուկային էներգիայի գագաթնաժողովում իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։