Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն է ներկայացրել՝ հաստատելով, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի արձագանքում լրագրողների հասցեին հնչեցված արտահայտությունները չպետք է դիտարկվեն որպես վիրավորանք, հայտնում է «Փաստինֆոն»։
Հանձնաժողովը չի նկատել օրինախախտում այն հայտարարության մեջ, որով Միրզոյանն անդրադարձել է լրագրողների հարցադրումներին՝ օգտագործելով «անդաստիարակ», «անշնորհք» և «սուս մնա» արտահայտությունները։
ԿԿՀ-ն ուսումնասիրել է Միրզոյանի այս վարքագիծը, սակայն «խնդիր չի տեսել»։ Ըստ ԿԿՀ եզրակացուևթյան՝ Արարատ Միրզոյանի արձագանքն իր բովանդակությամբ, տոնայնությամբ և բնույթով համահունչ կամ համապատասխան է եղել լրագրողների վարքագծին՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների և դրանց կապակցությամբ պետական քաղաքականության հետ կապված սոցիալական լարված իրավիճակը, և այն, որ լրագրողի հարցը՝ ռեպլիկը, տրվել է հարցազրույցից դուրս, ունեցել է սադրիչ բնույթ և Արարատ Միրզոյանի կողմից ընկալվել է, որպես քաղաքական բնույթի հայտարարություն։
«Հանձնաժողովը գտել է, որ անձնական բնույթի վիրավորանք չպարունակող, մեղմ հանդիմանական ու նախատական բնույթի քննադատական խոսքը, որն իր բնույթով համարժեք է լրագրողի վարքագծին, չի կարող համարվել ոչ հարգալից վերաբերմունք»,- նշված է որոշման մեջ։
Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի մարտի 13-ին կառավարության նիստից հետո, երբ Միրզոյանը հրաժարվել է պատասխանել օրակարգային հարցերին վերաբերող լրագրողական հարցերին։ Լրագրողները հիշեցրել են նրա տված հարցազրույցը թուրքական լրատվամիջոցին, ինչն առաջացրել է նախարարի կոշտ արձագանքը։
Միրզոյանն ասել է. «Ես համարում եմ այս ձեր ասածը վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք և ոչ արհեստավարժ, սա լրագրողական գործունեություն չէ, սա քաղաքական ակցիա է, ամոթ ձեզ»՝ ձեռքերը գրպաններում պահած։