3 հունիսի 2025 - 12:44 AMT
Դանիելյան․ Անգամ ԽՍՀՄ–ի պես հզոր մեքենան չկարողացավ հաղթել եկեղեցուն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով վերջին օրերին Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացներին, նշել է, որ անգամ ԽՍՀՄ–ի պես հզոր մեքենան չկարողացավ հաղթել եկեղեցուն։

«Ոչ ոք դեռ չի հաղթել որևէ եկեղեցու, կամ կրոնական կազմակերպության դեմ պատերազմ հայտարարելուց։

Նույնիսկ Ֆրանսիական հեղափոխությունը ընկրկեց, անգամ Սովետական Միության նման հզոր մեքենան չկարողացավ դա անել, առավել ևս իրենից զրոյական արժեք ներկայացնող, նվաստագույն էակը դա կկարողանա անել։

Սա անձի, կամ անձերի, նրանց մասնավոր կյանքի հարց չէ, սա ավելի խորքային պայքար է»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։