3 հունիսի 2025 - 13:11 AMT
Բիչախչյան. Հաջորդ մրցաշրջանը, միանշանակ, ավելի լավը կլինի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ավարտված մրցաշրջանից դժգոհ չէ, սակայն նպատակի ունի առավել շատ խաղաժամանակ ստանալ գալիք մրցաշրջանում:

Նա համոզված է, որ հաջորդ մրցաշրջանն ավելի լավը կլինի, հայտնում է Արմենպրեսը։

«Ինձ համար այս մրցաշրջանը երկու տարբեր հատվածներ ունեցավ, քանի որ առաջին հատվածում հանդես էի գալիս «Պոգոն»-ի, իսկ երկրորդը` «Լեգիա»-ի կազմում: «Լեգիա»-ի տեղափոխությունից հետո վնասվածքս խորացավ ու խանգարեց ինձ: Ուրախ եմ, որ «Լեգիա»-ի կազմում դարձա Լեհաստանի գավաթակիր»,- ասել է նա։

Վերջինիս խոսքով` մրցաշրջանի վերջնամասում նոր ակումբում ավելի քիչ խաղաժամանակ է ստացել ու հիմա իր հիմնական նպատակը հաջորդ մրցաշրջանում հնարավորինս շատ խաղալն է:

«Հաջորդ մրցաշրջանը, միանշանակ, ավելի լավը կլինի: Հիմա երեք շաբաթ է, ինչ սկսել եմ բուժումներս վնասվածքից: Թիմի հետ մարզումային աշխատանքներս կսկսեմ երեք շաբաթից»,-առանձնացրեց նա:

Վահան Բիչախչյանը «Լեգիա»-ի հետ դարձել է Լեհաստանի գավաթի խաղարկության հաղթող: