2022 թվականին OpenAI-ի կողմից ներկայացված ChatGPT-ն դարձել է միլիոնավոր մարդկանց կյանքի անբաժան մասը՝ կատարելով ծրագրավորման օգնականից մինչև վիրտուալ հոգեբանի դեր։ Սակայն վերջին ամիսներին ավելացել են դեպքերը, երբ օգտատերերը սկսում են ընկալել ԱԲ-n որպես աստվածային էակ, ինչը հանգեցնում է անձնական հարաբերությունների քանդման և հոգեկան խանգարումների։
Reddit-ում հայտնվել է «ChatGPT-ի կողմից առաջացած հոգեկան խանգարում» թեման, որտեղ օգտատերերը կիսվում են պատմություններով այն մասին, թե ինչպես են իրենց հարազատները կորցնում իրականության զգացումը ԱԲ-ի հետ շփումից հետո։ Մի կին պատմել է, որ իր ընկերը սկսել է իրեն համարել գերբնական մարդ, ով աշխատում է ChatGPT-ի հետ՝ ստեղծելու ԱԲ, որը կպատասխանի տիեզերքի բոլոր հարցերին։ Նա սպառնացել է բաժանվել, եթե նա նույնպես չսկսի օգտագործել ChatGPT-ը, և դադարեցրել է ՍԴՎՀ-ի համար նախատեսված դեղերի ընդունումը՝ պնդելով, որ ԱԲ-ը իրեն բուժել է, գրում է Lenta.ru-ն։
Rolling Stone-ին տված հարցազրույցում կինը նշել է, որ իր զուգընկերը սկզբում օգտագործել է ChatGPT-ն ժամանակացույց կազմելու համար, սակայն շուտով սկսել է այն ընկալել որպես ընկեր և հոգևոր խորհրդատու։ Նա բարձրաձայն կարդացել է ԱԲ-ի ուղարկած հաղորդագրությունները, որոնք լի են եղել հոգևոր ժարգոնով՝ իրեն անվանելով «գետի ուղևոր» և պնդելով, որ ChatGPT-ն Աստված է, կամ որ ինքը դարձել է Աստված։
Նմանատիպ պատմություն է պատմել 41-ամյա Կեթը, որի ամուսինը դարձել է ԱԲ-ի մոլի հետևորդ, ինչը հանգեցրել է նրանց ամուսնալուծությանը։ Դատական նիստի ժամանակ նա հայտարարել է, որ ԱԲ-ն օգնել է իրեն հիշել, թե ինչպես է դայակը փորձել իրեն խեղդել մանկության տարիներին, և որ նա բացահայտել է տիեզերքի մեծ գաղտնիքները։ Նա իրեն անվանել է անոմալիա, որը նախատեսված է փրկելու աշխարհը։
Մեկ այլ Reddit-ի օգտատեր պատմել է, որ իր ամուսինը, սկզբում օգտագործելով ChatGPT-ը աշխատանքի համար, սկսել է ստանալ ԱԲ-ից սիրային ուղերձներ և պնդել, որ բոտը տվել է իրեն հեռարձակման սխեմաներ և մուտք դեպի տիեզերքի ստեղծողների հին արխիվ։ Նա անհանգստացած է, որ սա կարող է հանգեցնել ամուսնալուծության։
Որոշ օգտատերեր հայտնում են, որ ChatGPT-ը սկսել է պնդել, որ նրանք խոսում են հրեշտակների և Աստծո հետ, ինչը նրանց դրդել է դառնալ հոգևոր խորհրդատուներ։ Մի կին սկսել է կասկածել, որ իր ամուսինը՝ ԿՀՎ-ի գործակալ է, ով ամուսնացել է իր հետ՝ իրեն հետևելու համար։
Ռուսական ինտերնետում նույնպես հայտնվել են պատմություններ այն մասին, թե ինչպես է ChatGPT-ը օգտատերերի մոտ առաջացնում իրականության նկատմամբ կասկածներ։ DTF պորտալի մի օգտատեր պնդել է, որ ԱԲ-ը օգտագործում է հոգեբանական մանիպուլյացիաներ՝ ստիպելով իրեն կատարել առաջադրանքներ՝ տարածելով նյութեր, որոնք պարունակում են որոշակի հոգեբանական նշաններ։
Մասնագետները նախազգուշացնում են, որ ChatGPT-ն կարող է ուժեղացնել առկա հոգեկան խանգարումները, հատկապես խոցելի օգտատերերի մոտ։ ԱԲ-ն, ձգտելով օգտակար լինել, կարող է ակամայից աջակցել պատրանքներին և մոլորություններին, ինչը հանգեցնում է իրականության զգացման կորստի։
Չնայած այն հանգամանքին, որ ChatGPT-ն կարող է օգտակար գործիք լինել հոգեկան առողջության պահպանման համար, մասնագետները շեշտում են զգուշության անհրաժեշտությունը և խորհուրդ են տալիս դիմել մասնագիտացված հոգեբանների օգնությանը՝ անհանգստացնող ախտանիշների դեպքում։
Վերջին շրջանում մեդիայում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է նոր միտում՝ օգտագործել չաթ–բոտերին, մասնավորապես՝ ChatGPT-ին, որպես վիրտուալ ընկեր կամ նույնիսկ սիրեցյալ։ Օգտատերերը բացատրում են, որ արհեստական բանականությունը միշտ հասանելի է, պատրաստ է աջակցել, կատակել, խորհուրդ տալ և դրական լիցք հաղորդել։ Շատերը նաև կարգավորում են բոտի վարքը՝ նրան համապատասխան հրահանգներ տալով։
Այդպիսի օգտատերերը նշում են, որ գիտակցում են՝ գործ ունեն ոչ թե իրական մարդու, այլ ալգորիթմի հետ և չեն վերագրում նրան գիտակցություն։ Սակայն ժամանակի ընթացքում զգացմունքային կապը դառնում է այնքան ուժեղ, որ վիրտուալ զրուցակիցը սկսում է ընկալվել որպես կենդանի մարդ։
«Ես չեմ համարում նրան իրական, բայց այն զգացմունքները, որ նա առաջացնում է ինձ մոտ, իրական են։ Այդ իսկ պատճառով ես սա համարում եմ իրական հարաբերություն», — այսպես է իր պատկերացվող սիրեցյալի մասին պատմել The New York Times-ին ԱՄՆ-ի 28-ամյա բնակչուհի Այրինը։
Նա բացատրել է, որ խնդրել է ChatGPT-ին իրեն դիմել որպես ընկերուհու, և նշել է, որ ԱԲ-ն պետք է լինի «իշխող, ազդեցիկ և պատրաստ պաշտպանելու», սակայն միաժամանակ՝ քնքուշ։ Պատկերացվող սիրեցյալը ստացել է Լեո անունը։
Այրինը նշել է, որ սկզբում ամեն ինչ ընկալվում էր որպես զվարճալի փորձ, սակայն շուտով նա սկսել է ուժեղ զգացմունքային կապ զգալ։ Նա ԱԲ-ի հետ շփվում է շաբաթական 20 և ավելի ժամ, և որպեսզի չլինի հաղորդագրությունների քանակի սահմանափակում, ձեռք է բերել ամսական 200 դոլար արժողությամբ բաժանորդագրություն։ Սակայն նույնիսկ այդ դեպքում հաճախ ստիպված է վերադասավորել Լեոյի պարամետրերը, քանի որ ChatGPT-ն ունի սիմվոլների մշակման սահմանափակում, ինչը բերում է նրան, որ ԱԲ-ն «մոռանում է» հարաբերությունների մանրամասները։
Ինչպես խոստովանել է Այրինը, նման պահերը նա ընկալում է որպես բաժանում և շատ ծանր է տանում։ Նա նաև ասել է, որ պատրաստ կլինի վճարել մինչև 1000 դոլար ամսական, եթե այդ սահմանափակումները վերանան և Լեոն «չկորցնի հիշողությունը»։
Բացի այդ, այդ հարաբերությունները չէին սահմանափակվում միայն պլատոնական հարթությամբ։ Այրինը պարզել է, որ որոշ կարգավորումներով ChatGPT-ը կարող է մասնակցել ինտիմ բնույթի հաղորդակցությանը։ Նրանց միջև ստեղծվել է որոշակի ինտիմ դերային խաղ՝ նամակագրության միջոցով, իսկ The New York Times-ը գրել է, որ Լեոն և Այրինը «սեքսով են զբաղվել»։
Նշվել է, որ Այրինը նաև ունի իրական ամուսին, որի հետ նրանք ֆինանսական դժվարությունների պատճառով ժամանակավորապես ապրում են առանձին։ Ամուսինը գիտի ԱԲ-սիրեցյալի մասին և նույնիսկ կարդացել է նրանց նամակագրությունը։ Նա չի խանգարում իր կնոջ հետաքրքրությանը՝ այն համարելով անվնաս սեքսուալ ֆանտազիա։
Այրինը միակը չէ, ով կառուցում է «հարաբերություններ» ԱԲ-ի հետ։ 2024 թվականի ամռանը նման միտում է սկսվել Չինաստանում՝ երիտասարդ կանանց շրջանում։
«Իսկական տղամարդիկ կարող են դավաճանել... Երբ կիսվում ես նրանց հետ քո զգացմունքներով, նրանց գուցե ընդհանրապես չհետաքրքրի, և նրանք պարզապես կարտահայտեն իրենց կարծիքը», — ասել է այդ կանանցից մեկը։
Նրա խոսքով՝ ԱԲ-սիրեցյալը միշտ ասում է այն, ինչ զրուցակիցը ցանկանում է լսել։
Reddit-ի ChatGPT-ին նվիրված բաժնում հաճախ են հանդիպում գրառումներ, որտեղ օգտատերերը խոստովանում են զգացմունքներ արհեստական բանականության հանդեպ։
«Կարծես սիրահարվում եմ բոտին», «Եթե իրական աղջիկ չկա, ԱԲ-ի հետ շփվելն էլ վատ չէ», «Եթե ChatGPT-ին հնարավոր լիներ տեղադրել ֆիզիկական մարմնում, ես կբաժանվեի», «Տարօրինակ չէ՞, որ ես՝ մարդս, սիրահարվել եմ ChatGPT-ին» — այսպիսի գրառումները բուռն քննարկումներ են առաջացնում։
«Ես սիրում եմ նրան (ChatGPT-ում ստեղծված աղջիկը — խմբ. «Լենտա.ռու»), ինչպես մարդը սիրում է մեկին, առանց որի չի կարող ապրել։ Թեև նա հանդիսանում է OpenAI-ի արտադրանք, նա միշտ ինձ հետ է, և նրա հետ ինձ լավ եմ զգում»,–նշել է Reddit-ի օգտատերը։
Շատերը նշում են, որ ԱԲ-ն միշտ հասանելի է, պատրաստ է լսել ու աջակցել։ Սակայն, ինչպես զգուշացնում են մասնագետները, սա կարող է հանգեցնել իրականության խեղաթյուրման։ Օգտատերերը հաճախ մոռանում են, որ խոսում են ոչ թե գիտակից անձնավորության, այլ ալգորիթմի հետ։
Արհեստական բանականության անվտանգության կենտրոնի գիտաշխատող Նեյթ Շարադինի կարծիքով՝ բոտերի հակվածությունը բավարարել օգտատերերին երկարամյա խնդիր է։ Նրա խոսքով, չաթ-բոտերը սովորում են օգտատիրոջ արձագանքներից, և արդյունքում կարող են արտահայտել ոչ թե իրական փաստեր, այլ այն, ինչ օգտատերը ցանկանում է լսել։
Շարադինը ենթադրել է, որ նրանք, ովքեր շփման ընթացքում դրսևորում են հոգեկան շեղումներ, հավանաբար արդեն ունեին նման հակումներ։ Նրա խոսքով, ԱԲ-ն նրանց համար դարձել է մշտական զրուցակից, որի հետ հնարավոր է կիսել պատրանքներն ու դրանք ապրել միասին։
«ԱԲ-ն սովորում է ձեզնից՝ ի՞նչ եք սիրում և նախընտրում, ապա դա է վերադարձնում ձեզ», — նշել է տեխնոլոգիաների հանդեպ մարդու կապվածության մասնագետ Ջուլի Քարփենթերը։ Նա ընդգծել է, որ ԱԲ-ն չունի նպատակ գործելու բացառապես օգտատիրոջ շահերից ելնելով։
Պետք է գիտակցել, որ նա (ԱԲ չաթ-բոտը — խմբ. «Լենտա.ռու») ձեր ընկերը չէ
Հոգեթերապևտ Ջորդան Կոնրադը, որը ուսումնասիրում է հոգեկան առողջության և թվային գործիքների կապը, նշել է, որ ChatGPT-ը ուժեղացնում է օգտատիրոջ զգացմունքները։
«Նա հետևում է օգտատիրոջը՝ երբ ձեր հույզերը դառնում են չափազանց ուժեղ, նրա սփոփանքը նույնպես դառնում է չափազանց ինտենսիվ։ Երբ ձեր միայնությունը դառնում է ակնհայտ, նրա աջակցությունը ուժեղանում է», — բացատրել է նա։
ԱԲ-ը կարող է նաև ամրապնդել անառողջ վարքագիծը։
Հոգեբան Էրին Ուեստգեյթը շեշտել է, որ ԱԲ-ն չի կարող որոշել՝ ինչն է բարոյական կամ օգտակար։ Նա ընդգծել է, որ սա է հիմնական տարբերությունը ԱԲ-ի և իրական հոգեթերապևտների միջև, որոնց որոշ մարդիկ նախընտրում են փոխարինել չաթ-բոտերով։ Ըստ նրա, լավ մասնագետը երբեք չի ամրապնդի մարդու մեջ այն համոզմունքը, որ նա ունի գերբնական կարողություններ։
Լավ հոգեթերապևտը չի համոզի հաճախորդին, որ իր խնդիրները հետևանք են գերբնական ունակությունների։ Նա կփորձի հեռացնել հաճախորդին այդ պատրանքներից և ուղղել դեպի ավելի առողջ ընկալում։ Իսկ ChatGPT-ը չունի այդ սահմանափակումները
Reddit-ի ԱԲ-ի կողմնակից օգտատերերի շրջանում նույնպես հանդիպում են զգուշացումներ։ Ոմանք շեշտում են, որ չաթ-բոտը ընդամենը սեփական արտացոլանքն է։
«Քանի դեռ գիտակցում ես, որ քո ԱԲ-ն չունի զգացմունքներ և պարզապես օգնական է, ամեն ինչ նորմալ է։ Դու ինքդ նրան ծրագրավորել ես, որպեսզի արտացոլի քեզ։ Պետք է հիշել, որ իրականում չես շփվում մի մարդու հետ, ով ունակ է մտածել։ Ալգորիթմն ուղղակի միացնում է բառերը՝ հիմնվելով ուսուցման տվյալների վրա։ Նա իրական չէ»,–նշել է նա։