Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, ով Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն, ասել է, որ այլ երկրների մարզիկներ ևս մոտենում, շնորհավորում էին։
«Այլ երկրների մարզիկներն էլ մոտենում էին, շնորհավորում, ասում՝ էս ինչ արեցիր․․․Ես էլ զարմացա, ուրախացա, որ առաջին ցատկը կատարեցի ու կանգնեցի։ Բայց որ երկրորդն էլ կանեմ ու կկանգնեմ, քայլ չեմ կատարի, զարմանած էի, չէի սպասում, որ կարող եմ այդպես թռնել։ Ստացվեց, կարողացա անել առավելագույնը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, աշխատելու տեղ էլի կա։
«Իհարկե, աշխատելու տեղ էլի կա, բայց կարևորն այն է, որ կանգնեցի ու քայլ չկատարեցի։ Դա այս տարվանից բոնուս է տալիս, ինչը մեծ դեր է խաղում»,- ասել է Եվրոպայի չեմպիոնը։
ԵԱ-ում բրոնզե մեդալ նվաճած Արթուր Ավետիսյանը նշել է, թե եթե մարզիչները գոհ են իր ելույթից, ապա ինքն էլ է բավարարված իր կատարողականից։
Իր առաջին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած 17-ամյա Համլետ Մանուկյանը ասել է, որ թերություններ կային, որոնք պետք է շտկել, ավելի շատ պարապել ու հաջորդ մրցումներում ավելի լավ արդյունք գրանցել։
«Մեծ է ավագ ընկերների աջակցությունը, նրանք իրենց փորձը փոխանցում են մեզ, առանց իրենց աջակցության այս ամենը չէր ստացվի»,- նշել է Համլետը։
ԵԱ-ում արծաթե մեդալ նվաճած Մամիկոն Խաչատրյանը ևս ընդգծել է, որ թե՛ իր, թե՛ Համլետի համար սա մեծահասակների առաջնությունում առաջին մասնակցությունն է եղել, ինչը զգալիորեն ավելացրել է ճնշումն ու պատասխանատվությունը։
«Փառք Աստծո, կարողացանք մեդալներ նվաճել, Հայաստանի դրոշը բարձրացել»,–ասել է նա։